211652_close_icon
views-count272414 դիտում article-date 00:22 11-02-2023

Մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում Երևանում․ Կառավարության շենքի դիմաց Hummer-ը վրաերթի է ենթարկել իրեն հետապնդող պարեկային վաշտի հրամանատարին, ապա կոտրել մի քանի պարեկային ավտոմեքենաներ, հնչել են կրակոցներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում է տեղի ունեցել Երևանում։

Hummer մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, դիմել է փախուստի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են Hummer-ին, որը երթևեկել է մայթերով, անգամ մայթով մտել է ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին, ապա դարձյալ չենթարկվելով պարեկների «Կանգ առ» հրահանգին, մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել է փախուստի։

Ի վերջո պարեկներին հաջողվել է Ագաթանգեղոսի փողոցում օղակ անել և կանգնեցնել Hummer փախուստը։

Դրանից հետո Hummer-ի վարորդը դիմել է փախուստի։

Hummer-ի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ։

Արամի փողոցում հայտնաբերվել է նաև կրակված պարկուճ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանն ու Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը,

Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ հետապնդման ժամանակ հնչել են կրակոցներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hummer-ի վրա կան կրակոցի հետքեր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 264+
264+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր