Արտակարգ ու մարտաֆիլմ հիշեցնող դեպք Երևանում. մոր թաղմանը մասնակցող կալանավորը Mercedes–ով դիմել է փախուստի՝ կոտրելով սգո սրահի դարպասն ու այնտեղ կայանված ավտոմեքենաներ. հնչել են կրակոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ և մարտաֆիլմ հիշեցնող  դեպք է տեղի ունեցել Երևաևում: Ժամը 14:40-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գործող «Գոռ» սգո սրահի տարածքում դատարանի որոշմամբ մոր թաղման արարողությանը մասնակցող կալանավոր, 30-ամյա Մարտին Խաչատրյանը  Արարատի մարզի բնակիչ Ռոբերտ Բալայանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 35 NA 696 համարանիշի ավտոմեքենան առևանգել է և դիմել  փախուստի: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, նրան սգո սրահ ուղեկցող Արդարադատության նախարարության  Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության բաժինների ծառայողները հետապնդել են,  սակայն նա դիմել է փախուստի, չի ենթարկվել նրաց «կանգնիր» օրինական պահանջին, կոտրել է  սգո սրահի երկաթե դարպասները և դուրս եկել սրահի տարածքից: 
Նուբարաշենի բանտի աշխատակիցները, որպես նախազգուշացում, 4 անգամ օդ են կրակել, ինչից հետո կալանավորը  կրակոցների ձայնից իրար է խառնվել և բախվել  սգո սրահի հարևանությամբ կայանված 2 ավտոմեքենաների՝  նույնպես վնասելով այդ ավտոմեքենաները: 
Բախումից հետո նա փորձել է ոտքով դիմել փախուստի, սակայն Նուբարաշենի բանտի ծառայողները կարողացել են պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել նրան և ինչպես ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փռեցին ասֆալտին:
Ֆոտոլրագրողը  հայտնում է նաև, որ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ,  Մ.  Խաչատրյանին բերման են  ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: 
Դեպքի վայրում քննչական աշխատանքները  ղեկավարել է  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Ռաֆայել Սարգսյանը,   ում կողմից փաստի  առթիվ հարուցվել է  քրեական գործ: 
Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ փախուստի դիմած կալանավոր Մ. Խաչատրյանը նախկինում  4 անգամ եղել է դատապարտված և վերջին անգամ դատապարտվել էր կողոպուտի համար, իսկ այսօր դատարանը բարի կամք էր դրսևորել նրա նկատմամբ և թույլատրել էր,  որպեսզի նա մասնակցի մոր թաղմանը:
Ֆոտոլրագրողը  հայտնում է նաև, որ տուժած մեքենայատերերին հետաքրքրում է, թե ով է  փոխհատուցելու վնասը, արդյո՞ք ԱՊՊԱ-ն այս պարագայում բարի կամք կդրսևորի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


