211652_close_icon
views-count3302 դիտում article-date 16:33 21-01-2023

Պարտաճանաչ ու խելացի սան էր. հրդեհից զոհված Նարեկ Ավագյանը սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն էր․ NEWS.am

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Նարեկ Ավագյանը։

19–ամյա Նարեկը Նորագավիթից էր։ Մեկ տարի առաջ էր բանակ զորակոչվել։ Զբաղվում էր սուսերամարտով, մինչեւ բանակ գնալն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ։

Նարեկն ընտանիքի կրտսեր զավակն էր, մեկ եղբայր ունի։ Նա մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի ավագ մարզիչ Ալիկ Նավասարդյանը։

«Տասը տարի մեզ մոտ էր սովորում, մասնակցել էր բազմաթիվ մրցումների եւ բազմաթիվ մրցանակներ նվաճել։ Սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն է,  միջազգային կարգի մրցանանակիր։ Նարեկը կարելի է ասել՝ մեր ձեռքի տակ է մեծացել, շատ համեստ, պարտաճանաչ ու խելացի սան էր։ Մենք պատրաստվում էինք դիմել պատկան մարմիններին, որ թույլատրեն  Նարեկը մասնակցի սուսերամարտի աշխարհի առաջնությանը, էն էլ էս ողբերգական դեպքը տեղի ունեցավ»,- ասաց Ալիկ Նավասարդյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ովքեր զինծառայողների ու քաղաքացիների հետ մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման դեմ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Տեղում են նաև մարզի դատախազության ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հրդեհի հետևանքով կա մոտ 15 զոհ, և մի քանի վիրավորներ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Տեղում են նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչեր, գլխավոր շտաբից, ռազմական ոստիկանությունից։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները և Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչներն ու փորձաքրեագետները։

Ողբերգական հրդեհի հետևանքով մահացած զինծառայողներն են․

Մանուկյան Արամ Արսենի 
Ներսիսյան Վոլոդյա Մհերի 
Մարտիրոսյան Գոռ Դավիթի 
Ասրյան Ռոստոմ Արտակի 
Ղամբարյան Մուշեղ Վահագնի 
Ղարիբյան Տարոն Սեդրակի 
Աբաջյան Պավլիկ Վարդունի 
Սարգսյան Դավիթ Նորայրի 
Գրիգորյան Հրաչյա Կարենի 
Ավագյան Նարեկ Ռոբերտի 
Բարսեղյան Գագիկ Արմանի 
Դումիկյան Միշա Կարենի 
Կիրակոսյան Հայկ Գաբրիելի 
Կևորկով Սերգեյ Կարենի 
Դավթյան Համլետ Սպարտակի

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր