211652_close_icon
views-count1799 դիտում article-date 12:01 24-12-2022

Սյունիքի 2 համայնքների նախկին ղեկավարների նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել․ «Առավոտ»

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Սյունիքի մարզի Նժդեհ համայնքի նախկին ղեկավար Գեղամ Օհանյանին եւ Արեւիս համայնքի նախկին ղեկավար Սասուն Սահակյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գրում է «Առավոտը»։

Գեղամ Օհանյանը 14 տարի Նժդեհ համայնքի ղեկավարն է եղել։ Այդ ժամանակահատվածում՝ 2003-2017թթ․–ի ընթացքում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին եւ Նժդեհ համայնքի համար անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 4 հա հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան 12.000 դրամ վարձավճարով տվել է եղբորը՝ Գրիշա Օհանյանին։

Բացի սրանից, համայնքի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ նույն հողամասից 300 քմ մակերեսով հողատարածքն ամսական 40.000 դրամ վարձավճարով ենթավարձակալության է տրամադրվելու «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ), եւ հողատարածքն օգտագործվելու է ապօրինի՝ ոչ իր գործառնական նշանակությամբ, այն է՝ օգտագործվելու է որպես կապի օբյեկտի հող՝ բջջային հիմնական կայանի տեղակայման նպատակով, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու փոխարեն չի առարկել ապօրինի ենթավարձակալության պայմանագրի կնքման դեմ։ 6 հա վարելահող էլ վարձակալությամբ տրամադրել է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին («ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ)` 25 տարի ժամկետով, ամսական՝ 40 հազար դրամով:

Գեղամ Օհանյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածի 1-ին մասին) նախատեսված հանցագործության կատարման մեջ, բայց վաղեմության ժամկետներն անցնելու կապակցությամբ՝ նա ազատվել է քրեական պատասխանատվությունից` առանց պատիժ նշանակելու։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր