211652_close_icon
views-count2894 դիտում article-date 17:45 26-11-2022

ՄԻՊ-ը հավաստիացնում է՝ Լոռու մարզում տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից

Երեկ Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որի արդյունքում, ըստ որոշ հրապարակումների՝ քաղաքացիներին հասցվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ, Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից, որի համաձայն՝ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

«ՄԻՊ ներկայացուցիչներին ոստիկանությունից նաև բանավոր հավաստիացվել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։

Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջելու նաև քրեական հետապնդման մարմիններից և իր ուշադրության կենտրոնում է պահելու քրեական վարույթի ընթացքը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման նպատակով»,- նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։

Նշենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ ահազանգ է ստացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացող պարեկները դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների, նրանցից ոմանք կոտրվածքներ են ստացել։ Պարեկային ծառայության աշխատակիցները, ըստ ահազանգի, նաև արցունքաբեր գազ են կիրառել, իսկ միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը ոչնչացվել են։

Նմանատիպ նյութեր