211652_close_icon
views-count1087 դիտում article-date 21:19 15-11-2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն. դրամի վնաս

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիոն գիտական հետազոտությունների իրականացմամբ, սերմերի ստացմամբ ու վերարտադրությամբ, ինչպես նաև տոհմային անասնաբուծության գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող, 100 % պետական մասնաբաժին ունեցող «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 2018-2022 թվականների գործունեությունը, ինչի արդյունքում արձանագրվել է ընկերությանը հասցված ընդհանուր առմամբ շուրջ 557 մլն. դրամի վնաս:

Ինչպես տեղեկացրին ՊՎԾ-ից, մասնավորապես, ուսումնասիրվող ժամանակահատվածում ընկերությունում hացահատիկային, հատիկընդեղենային և կերային մշակաբույսերի փաստացի ստացված բերքը միջին բերքատվության ցուցանիշներից էականորեն պակաս է կազմել, իսկ 2019-2022 թվականներին՝ 2018 թվականի համեմատ գրանցվել է բերքատվության ցուցանիշների կրկնակի, որոշ դեպքերում նաև եռակի անկում, ինչի արդյունքում ընկերության իրացումից հասույթը պակաս է ձևավորվել նվազագույնը շուրջ 497 մլն. դրամով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ցածր բերքատվությունը հիմնականում պայմանավորված է եղել սերմնաբուծության գործընթացի անարդյունավետ կատավարմամբ, ինչպես նաև ցանքային նորմաներից գրեթե կիսով չափ պակաս քանակով սերմեր ցանելով, այն դեպքում, երբ ցանքի նպատակով ընկերության պահեստից դուրս են գրվել համապատասխան նորմաներից մոտ 4,5 մլն. դրամի ավել քանակով սերմեր: Ընդ որում, իրականացված չափագրումների արդյունքում փաստագրվել է, որ միայն 2021-2022 թվականներին ցանվել է ցանքային նորմայից միջինը՝ 50 %-ով, մոտ 5.6 մլն. դրամի պակաս սերմ, իսկ 2022 թվականի բերքահավաքից հետո ընկերության պահեստում արձանագրվել է շուրջ 7 տոննա, 1,5 մլն. դրամ արժողությամբ ցորենի սերմի պակասորդ:

Բացի այդ, խախտելով «Սերմերի մասին» օրենքի դրույթները, ընկերության արտադրական ցանքատարածություններում 2021 թվականին ցանվել են ՀՀ-ում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում չգրանցված, տնտեսական օգտակարության պետական փորձարկում չանցած, հավաստագրման ոչ ենթակա աշնանացան ցորենի և գարնանացան գարիի սորտեր՝ ընկերությանը հասցնելով նախնական հաշվարկով 27 մլն. դրամի վնաս:

Ուսումնասիրությամբ արձանագրվել է նաև, որ Ընկերության ցանքատարածությունների հիմնական մասը գտնվում են անբարենպաստ վիճակում, աղբոտված են տարբեր տեսակի մոլախոտերով, գարնանացան գարիի ցանքատարածությունում առկա է աշնանացան ցորենի խառնուրդ, իսկ կորնգանի դաշտում առկա է չհաշվառված և ոչ մի կերպ չարձանագրված աշնանացան ցորեն:

Ընկերության հասույթի ձևավորման ուղղություններից է նաև կաթնաապրանքային ֆերմայի գործունեությունը, ինչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խոշոր եղջերավոր անասունների հարկադիր մորթից գոյացած տավարի միսը ընկերության կողմից իրացվել է միջին շուկայական արժեքից չհիմնավորված ցածր գներով՝ շուրջ 11 մլն. դրամով պակաս, իսկ մորթը և դրա արդյունքում ստացված մթերքի իրացումն իրականացվել է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի դրույթների կոպիտ խախտումներով:

Իրականացված կապիտալ ծախսերի ուսումնասիրության արդյունքում, ընկերության անասնաշենքի վերակառուցման և ջերմատան կառուցման աշխատանքներում արձանագրվել են շուրջ 11 մլն. դրամի չհիմնավորված կամ անարդյունավետ ծախսեր։

Ուսումնասիրության հայտնաբերված առանձին խախտումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություններ են ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ իրենց լիազորություններից բխող միջոցներ ձեռնարկելու համար:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ուսումնասիրութամբ բացահայտված խախտումները պարունակում են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար:

Նմանատիպ նյութեր