211652_close_icon
views-count1047 դիտում article-date 15:27 08-11-2022

Կլիմայի փոփոխության օրակարգը առաջնային տեղ զբաղեցնում մեր օրակարգում. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին Շարմ Էլ Շեյխում ընթացող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին հանդես է եկել ելույթով:

Նախագահը նշել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը համաշխարհային օրակարգի կարևոր բաղկացուցիչն է, որը պահանջում է բոլորի համատեղ հանձնառությունը:

«Կլիմայի փոփոխությունն ընթանում է նույնիսկ ավելի արագ, քան նախկինում գնահատվում էր: Մարդկությունը ոչ միայն ականատեսն է այս փոփոխության, այլև անմիջապես կրում է վերջինիս ազդեցությունը. վտանգված են էկոհամակարգերը, սպառվում են ջրային ռեսուրսները, առավել հաճախակի են դառնում ջրհեղեղները, փոթորիկները, անտառային հրդեհները, տապի ու երաշտի դեպքերը»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Անդրադառնալով շրջակա միջավայրի վրա հակամարտություններ ունեցած ազդեցությանը, նախագահն ասել է. «Մենք բոլորս քաջատեղյակ ենք շրջակա միջավայրի, վերջինիս ռեսուրսների ու արտադրողականության վրա ունեցած հակամարտությունների կործանարար ուժի մասին:

Պատերազմի ազդեցությունն էկոհամակարգերի վրա տարբեր է և պայմանավորված է հակամարտության ծավալով և տևողությամբ, ինչպես նաև կիրառված զենքի տեսակներով:

Ցավոք, վերջերս Հայաստանն առերեսվեց նման մարտահրավերի։ Այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանն ագրեսիա նախաձեռնեց՝ թիրախավորելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների խիտ բնակեցված քաղաքները, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքը, որը հայտնի է որպես լեռնային սպա և բժշկական զբոսաշրջության վայր, ենթարկվել էր ծանր հրթիռակոծության: Նշված շրջանների դեմ ռազմական գործողությունները, ուղեկցվել էին լայն սպառազինության, այդ թվում՝ հրետանային և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, զգալի վնաս պատճառելով եզակի բնապահպանական համալիրին։ Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը ևս կարող էր հանգեցնել մեծաթիվ մարդկային զոհերի, իսկ շրջակա միջավայրի վրա ունենալ աղետալի հետևանքներ»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանում առկա մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել կառավարության ձևավորած օրակարգում:

«Մասնավորապես, որպես առաջնահերթություն է ճանաչվել կլիմայապես դիմացկուն և ցածր ածխածնային զարգացումը, որը հիմնված է կայուն և երկարաժամկետ կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարության, լայնածավալ անտառապատման, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտներում ներդրումների, նորարարական և ժամանակակից կլիմայական տեխնոլոգիաների կիրառման, էլեկտրական շարժունակության խթանման և միջուկային էներգիայի զարգացման վրա»,- ասել է նախագահը։

Նմանատիպ նյութեր