211652_close_icon
views-count1693 դիտում article-date 22:25 07-11-2022

Մոսկվայի հետ հարաբերությունները խարխլվում են, և Երևանը շուտով գազի ներկրման ավելի շատ այլընտրանքներ կունենա. Mehr

Իրանը և Հայաստանը պայմանավորվել են կրկնապատկել բնական գազի ծավալը, որը Իրանը վաճառում է Հայաստանին և երկարաձգել գազի առևտրի համաձայնագիրը մինչև 2030 թվականը, գրում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Oil Price-ի տեղեկություններին:

Հայաստանն իր բնական գազի հիմնական մասը ստանում է Ռուսաստանից։ Սակայն Մոսկվայի հետ հարաբերությունները խարխլվում են, և Երևանը շուտով ավելի շատ այլընտրանքներ կունենա, նկատում է աղբյուրը:

Գործարքը կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում։ Փոխըմբռնման հուշագիրը նոյեմբերի 1-ին ստորագրել են Իրանի նավթի փոխնախարար, Իրանի գազի հարցերով փոխնախարար Մաջիդ Չեգենին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ներկայում Հայաստանն Իրանից տարեկան ներկրում է մոտ 365 մլն խմ բնական գազ։

«Այժմ մենք օրական Հայաստան ենք արտահանում 1 մլն խմ գազ, որը նոր հուշագրի հիման վրա կկրկնապատկվի»,- ասել է Չեգենին։

Երկու կողմերը էներգիայի առևտուր են անում՝ հիմնվելով 2006 թվականի գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակման համաձայնագրի վրա. Հայաստանը Իրանից ստանում է մեկ խորանարդ մետր գազ՝ Հայաստանի ՋԷԿ-երի արտադրած երեք կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց։

Իրանը և Հայաստանը 2022 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրել են էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության փոխըմբռնման հուշագիր։

Այն բանից հետո, երբ Իրանն ու Հայաստանը ստորագրեցին էներգետիկ ոլորտում տնտեսական համագործակցության մասին հուշագիր, Իրանի նավթի փոխնախարարն ասել է, որ ապագայում Հայաստան գազի արտահանումը կկրկնապատկվի։

Նմանատիպ նյութեր