211652_close_icon
views-count1042 դիտում article-date 23:15 02-11-2022

Գեղագիտության ազգային կենտրոնը մշակութային և կրթական նոր նախագծեր կիրականացնի

Երեխաների ստեղծագործ միտքը զարգացնելու, նրանց` արվեստին առավել մոտ դարձնելու նպատակով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն առաջիկայում  մի շարք հետաքրքիր կրթական ու մշակութային նախագծեր կիրականացնի:

Կենտրոնը կյանքի կկոչի «ԱՐՏաԿԱՐԳ» նախագիծը, որը դասընթաց է 12-17 տարեկան արվեստասեր երեխաների և պատանիների համար։ Այն հնարավորություն է` զարգացնելու ստեղծարար մտածողությունը, ձեռք բերելու արվեստի բազմապրոֆիլ գիտելիքներ ու հմտություններ, փորձելու ուժերը տարբեր ուղղություններում: Նախագծի շրջանակում առաջարկվում է երկու դասընթաց։ 

«Կերպարվեստ» դասընթացի մասնակիցները կծանոթանան գեղանկարչության, գեղարվեստական տպագրության, քանդակի, զարդերի պատրաստման, լուսային դիզայնի, ասեղնագործության, կոլաժի, դաջի և տիկնիկագործության հիմնարար սկզբունքներին ու նրբություններին։ 

«Հագուստի մոդելավորում» դասընթացը բազմակողմանի գիտելիքներ կփոխանցի՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու ոլորտի բոլոր նրբություններին։ Մասնակիցները կսովորեն ասեղնագործություն, ժանյակագործություն, հելյունագործություն, շյուղագործություն, ձևվածք և մոդելավորում, գոբելեն, մակրամե, դրապիրովկա, կուսումնասիրեն ազգային հագուստի հիմքերը։ 

Դասընթացի ծրագիրը ներառում է նաև պարբերական այցելություններ մշակութային տարբեր կենտրոններ, անվանի արվեստագետների արվեստանոցներ։  Ուսումնական տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները դասընթացի ավարտին կներկայացվեն ամփոփիչ ցուցահանդեսով։

Կենտրոնը կիրականացնի նաև ԳԱԿ Արտ/հարթակ նոր նախագիծը: Ստեղծումից ի վեր ԳԱԿ-ը եղել է և շարունակում է լինել մեկնարկային հարթակ բազմաթիվ արվեստագետների համար, որոնցից շատերի անուններն այսօր հայտնի են։ Այդ առաքելությանն է ուղղված նաև կենտրոնի նոր նախաձեռնությունը։ ԳԱԿ Արտ/հարթակ նախագիծը ստեղծվել է երիտասարդ ստեղծագործողներին իրենց ներուժի բացահայտման, դրա իրացման և ներկայացման հնարավորություն ընձեռելու նպատակով։ Նախագծի շրջանակում կենտրոնն առաջարկում է երկու Արտ/հարթակ՝ ԳԱԿ Կատարողական արվեստների ներառական ուսումնական կենտրոնը և ԳԱԿ Պարի դպրոցը։ Արտհարթակներն անկախ տարածքներ են՝ կյանքի կոչելու տարաբնույթ գաղափարներ ու նախագծեր։

ԳԱԿ արտհարթակներում ստեղծագործելու համար անհրաժեշտ է ներկայացնել գեղարվեստական նախագիծ այն իրականացնելու ժամկետներից առնվազն երկու ամիս առաջ։ Արտհարթակներն առաջարկվում են շաբաթական երեք օր՝ առավելագույնը երեք ժամ զբաղվածության համար։ Հնարավոր է ներկայացնել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ նախագծեր։ Նախագծի տևողությունը չպետք է գերազանցի վեց ամիսը։

Oriente Occidente փառատոնի հրավերով ԳԱԿ տնօրեն և Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը սեպտեմբեր ամսին վարպետության դասեր  է անցկացրել Իտալիայի Ռովերետո քաղաքում։ «Իմ կյանքի գույները» խորագրով աշխատարաններին մասնակցել են ոչ միայն հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստներ, այլև տեղի բնակիչները։ Երկշաբաթյա աշխատարանը եզրափակվել է ամփոփիչ ցուցադրությամբ։ 

«Իմ կյանքի գույները» նախագիծը շարունակվում է Երևանում՝ ԳԱԿ կատարողական արվեստների ներառական ուսումնական կենտրոնում։ Արդեն մեկ տարի կենտրոնը ժամանակակից պարի դասընթացներ է առաջարկում հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց՝ անկախ տարիքից և փորձառությունից։ Բացումից մինչ օրս այստեղ մասնագիտական կրթություն են ստացել ավելի քան 60 անձինք։ «Իմ կյանքի գույները» նախագծում ներգրավված են ժամանակակից պարի դասընթացի սկսնակ և միջին մակարդակները հաղթահարած մի խումբ շրջանավարտներ։ Նախագծի շրջանակում նրանք մասնակցել են շվեյցարացի արվեստագետ Ֆրանց Բրուլհարթի աշխատարանին՝ համադրելով պարն ու գույները։ Այդ ընթացքում ստեղծված աշխատանքներն էլ հիմք են ծառայելու «Իմ կյանքի գույները» նախագծի վիզուալների ստեղծման համար։ 

Այս փորձառությունը հնարավորություն է տալիս աշխատել ոլորտի առաջատար մասնագետների հետ, կիրառել և հարստացնել մինչ այժմ ձեռք բերած կատարողական հմտությունները, ստեղծագործել թիմով, առաջարկել խորեոգրաֆիկ լուծումներ և հանդես գալ բեմում։ 

Այժմ ընթանում են ներկայացման նախապատրաստական աշխատանքներն ու փորձերը։ Առաջնախաղի վերաբերյալ մանրամասները կենտրոնը կներկայացնի առաջիկայում։ 

Նմանատիպ նյութեր