211652_close_icon
views-count1800 դիտում article-date 11:09 29-10-2022

Անլուրջ վարքագծի հետեւանքով երկու կողմերն էլ կդադարեն մեզ վստահել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վալդայի ֆորումում Պուտինի ասածները որեւէ մեկի նկատմամբ սիրո կամ համակրանքի դրսեւորումներ չեն: Նա անհանգստություն էր արտահայտել, որ Հայաստանի ղեկավարը, կարծես թե, հակված է ընդունել Խաղաղության պայմանագրի «արեւմտյան» տարբերակը եւ զգուշացնում էր, որ այն միանշանակ կերպով ամրագրում է Արցախի՝ առանց որեւէ կարգավիճակի ընդգրկումն Ադրբեջանի կազմում:

Պուտինն, իհարկե, շրջանցել էր այն հանգամանքը, որ, մյուս կողմից, «ռուսական» տարբերակը ենթադրում է Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից: Թե ո՛ր տարբերակն է ավելի վատը՝ դժվար է ասել. սատանան, ինչպես հայտնի է, մանրամասների մեջ է: Իսկ մանրամասները, ենթադրում եմ, հայտնի են միայն Փաշինյանին, որը եւ պետք է որոշում ընդունի:

Ոմանք հարցնում են՝ իսկ հնարավոր չէ՞ արդյոք ոչ մի որոշում չընդունել, հարցը ձգձգել, ինչպես դա 1994 թվականից հետո հաջողվել էր անել Ադրբեջանին: Կարծում եմ, որ այս իրավիճակում երկար ձգձգելու հնարավորություն չկա: Իրավիճակն, անշուշտ, բարդ է, ընտրությունը՝ ծանր: Ամենավատ բանը, որն այս պարագայում կարելի է անել՝ երկու տարբերակներին համաձայնելն է եւ կողմերից յուրաքանչյուրի հետ շփվելու ժամանակ հակառակ կողմի տարբերակը մերժելը: Դա անլուրջ վարքագիծ է, որի հետեւանքով երկու կողմերն էլ կդադարեն մեզ վստահել:

Սպասելի է, որ Սոչիից հետո իշխանության քարոզիչները կհայտարարեն, որ «ռուս-թուրքական դաշինքը» ինչ-որ սարսափելի բան է առաջարկում Հայաստանին, բայց մեր վարչապետը դա հերոսաբար մերժում է: Որից հետո Փաշինյանը կգնա եվրոպական որեւէ երկիր, Միշելի միջնորդությամբ կհանդիպի Ալիեւի հետ, եւ նույն քարոզիչները կբացականչեն՝ «Վերջ, մենք փրկված ենք»: Այնուհետեւ Պուտինը հանդես կգա հերթական քողարկված սպառնալիքով… Եվ այդպես շարունակ: 

Եթե նման վարքագիծը հղի չլիներ պատերազմի վերսկսմամբ, այդ մարտավարությունը հնարավոր կլիներ «խորամանկ» անվանել»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր