211652_close_icon
views-count1723 դիտում article-date 09:23 15-01-2021

ԼՂ պատերազմի ժամանակ երկու կողմերն էլ կիրառել են կասետային զինատեսակներ․ Amnesty International-ի զեկույց

Amnesty International-ը հրապարակել է Ղարաբաղի վերջին պատեարազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման մասին զեկույց, որի մասին զրուցել ենք կառույցի Արելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևի հետ: Հայտնում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5737918.html]«Ամերիկայի ձայն[/url]»-ը։ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա վերջին պատերազմում ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական զորքերն իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքով արգելված հարձակումներ, նշված է Amnesty International մարդասիրական կազմակերպության հրապարակած զեկույցում: Ռազմական գործողությունների դադարումից անմիջապես հետո կազմկակերպության հետաքննող խումբը ժամանել է հակամարտության գոտի՝ տեղում իրավիճակը ուսումնասիրելու համար: «Մեզ հաջողվեց արձանագրել տեղի ունեցածը, զոհերի թիվը, հրթիռակոծումները, դրանց անօրինական բնույթը: Երկու կողմին էլ կոչ ենք անում հետաքննել կատարվածը, բացահայտել հանցագործներին, պատասխանատվության ենթարկել նրանց, դադարեցնել կասետային զինատեսակի կիրառումը և միանալ Կլաստերային զինատեսակի մասին միջազգային կոնվենցիային, քանի որ դրա օգտագործումը հակասում է միջազգային մարդասիրական օրենքին»,- ասում է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը : Ըստ զեկույցի՝ երկու կողմերն էլ անհամաչափ և անկանոն հրթիռակոծություններ են իրականացրել խաղաղ ազգաբնակչության դեմ ՝ օգտագործելով կասետային արգելված զինատեսակներ: Կազմակերպության հետաքննիչ խումբը, որն, ըստ Կրիվոշեևի, վերջին հինգ տարիների ընթացքում զրկված էր Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն ուսումնասիրելուց, ժամանել է Ադրբեջան, ուր արձանագրել է հայկական զինված ուժերի կողմից հրթիռակոծման ութ դեպքեր ադրբեջանական Գյանջա, Բարդա, Գաշաթլի և Քարայուսուֆլի բնակավայրերում, որոնց հետևանքով զոհվել է 72 խաղաղ բնակիչ: Ըստ զեկույցի, հայկական կողմը կիրառել է կասետային զինատեսակներ, ինչպես նաև Գյանջայում՝ ՛՛Սքադ՛՛ տեսակի բալիստիկ հրթիռներ: «Սմերչ» տեսակի հրթիռներով և այլ զինատեսակներով զանգվածաբար հրթիռակոծվել և հրետակոծվել են ադրբեջանական այլ բնակավայրեր ևս, մասնավորապես Թերթերը: Amnesty International-ն այնուհետև այցելել է Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, ուր արձանագրել է հրթիռակոծման ինը հարվածներ, որոնք ադրբեջանական զինված ուժերը հասցրել են Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ, Մարտունի ու Մարտակերտ բնակավայրերի ուղղությամբ և մեկ հարված՝ Հայաստանում՝ Դավիթ Բեկ գյուղում, որտեղ եղել է մեկ զոհ: Քաղաքացիական բազմաթիվ թիրախների, ներառյալ եկեղեցիների ուղղությամբ կիրառվել են միջազգայնորեն արգելված կասետային ռումբեր, ինչպես նաև անկանոն և զանգվածային ավերածություններ պատճառող այլ զինատեսակներ, այդ թվում 122 մմ «Գրադ» հրթիռներ և անօդաչու սարքեր: «Երբ այդ հարվածները տեղի ունեցան, երկու կողմերն էլ մեղադրեցին մեկը մյուսին՝ կասետային զինատեսակներ օգտագործելու մեջ: Երկուսն էլ հերքեցին, որ իրենք այն կիրառել են, երկուսն էլ ասում էին, որ դա անօրինական է: Մենք, սակայն, վստահաբար կարողացանք հաստատել, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական ուժերը օգտագործել են կասետային զինատեսակներ»,- ասում է Կրիվոշեևը: Amnesty International-ի ներկայացուցչի խոսքով, ՀՀ ու Ադրբեջանը չեն միացել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիային, սակայն դա նրանց որևէ կերպ չի ազատում պատասխանատվությունից: «Դրանց կիրառումը անօրինական է, պարզապես այն պատճառով, որ դրանք անկանոն հարվածներ հասցնող զինատեսակներ են: Հնարավոր չէ կիրառել դրանք պատասխանատու կերպ: Հետևաբար, եթե այն կիրառվում է, ապա խախտվում են պատերազմի կանոնների սկզբունքները կամ միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները: Ցավոք, երկու կողմերից էլ արձանագրվեցին նման խախտումներ»,- ասում է Դենիս Կրիվոշեևը: Զեկույցի վերջում Amnesty International-ը հանդես եկավ կողմերին ուղղված մեկ տասնյակից ավելի առաջարկություններով ոչ միայն արգելված զինատեսակների կիրառումը հետագայում բացառելու, այլ նաև տեղի ունեցածը հետաքննելու, մեղավորներին պատժելու, Կասետային զինատեսակների կոնվենցիային միանալու վերաբերյալ: Կազմակերպությունը կոչ է անում կողմերին փոխհատուցել արգելված զինատեսակների կիարառումից տուժածներին, ինչպես նաև ստեղծել համապատասխան մեխանիզմներ բնակչության անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգ իրականացնելու համար: Կառույցը հորդորում է հայկական և ադրբեջանական կողմերին զերծ մնալ արգելված զինատեսակների, մասնավորապես կասետային ռումբերի օգտագործումից, հարգել միջազգային մարդասիրական օրենքը և այս ուղղությամբ հանձն առնել հետևելու միջազգային սկզբունքներին ու կանոններին:

Նմանատիպ նյութեր