211652_close_icon
views-count1904 դիտում article-date 18:45 28-10-2022

Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի ավելի շատ տարածքներ, ինչը պետք է կանխել․ Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ նիստին

Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական տրամադրվածության ֆոնին չեն դադարում Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որտեղ ուժի կիրառման սպառնալիքներին հաջորդում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ անթաքույց զավթողական նկրտումները։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ղազախստանում ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին իր ելույթում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման գործում հիմնական դերը վերապահված է այդ թվում նաև անցած տարվա նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի Սոչիում եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածության իրականացման շրջանակներում ձևավորված սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների կառուցողական համատեղ աշխատանքին։

Հատկապես կարևոր է նշել, որ պայմանավորվածությունը, որ սահմանազատման գործընթացում մենք պետք է հենվենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, համաձայն որոնց խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ինչպես արդեն գիտեք, այս տարվա սեպտեմբերի 13-ից Ադրբեջանն անօդաչու սարքերի, հրաձգային և հրետանային զենքերի օգտագործմամբ ինտենսիվ հրետակոծել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքը՝ ներառյալ բնակելի շենքերը, քաղաքացիական օբյեկտները և քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների թիվն այժմ գերազանցել է 210-ը։ Ստույգ հայտնի է երեք քաղաքացիական անձանց մահվան և երկու անհետ կորած քաղաքացիական անձանց մասին։ Հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Անհետ կորած զինվորների թիվը կազմել է 28։

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տարհանվել է ավելի քան յոթ ու կես հազար մարդ՝ մեծամասամբ կանայք, երեխաներ և ծերեր։

Ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված խոշտանգումների, դաժան սպանությունների և գերեվարվածների մարմնական խեղումների, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինների պղծման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած տեսագրությունները ցնցել են ողջ քաղաքակիրթ աշխարհի գիտակցությունը:

Չափազանց տագնապալի է, որ մեդիա տարածքում տեղադրված նյութերը, որոնք վկայում են ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին, ոչ միայն լայնորեն տարածվում են սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի շրջանում, այլև ստանում են դրական գնահատական։

Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ այս երկիրը մտադիր է օկուպացնել Հայաստանի ավելի շատ տարածքներ, ինչը պետք է կանխել։

Դրա մասին են վկայում նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները հայկական կողմին վերագրելու փորձերը, որով փորձ է կատարվում հող նախապատրաստել Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի նոր փուլի համար։ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր:

Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է հատկացվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական և հստակ արձագանքին։

Ամփոփելով ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման անբաժանելի մասն է, իսկ կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անվերապահորեն և անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմատիկայի» անընդհատ շահարկումը, այն իմաստով, որով այն շահարկվում է, միայն խոչընդոտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը։

Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության իններորդ կետում «միջանցք» բառը ոչ մի տեղ չի հիշատակվում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է բացառապես Լաչինի միջանցքի առնչությամբ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունը և որևէ կապ չունի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած հորինված զուգահեռ դիտարկում ենք որպես հակաարդյունավետ:

Հայտարարության մեջ չկա Հայաստանի որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ։

Մենք միշտ առաջարկել ենք և առաջարկում ենք ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը՝ կողմերի ինքնիշխանության ու օրենսդրության հարգանքի հիման վրա՝ կառուցողական երկխոսության և արդյունավետ փոխշահավետ լուծումներ գտնելու միջոցով։

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը երթուղավորելու և մարդկանց շփումը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ակնհայտ ձգտումը վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը չի հետապնդում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերջնական նպատակ։

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նմանատիպ նյութեր