211652_close_icon
views-count3037 դիտում article-date 19:04 14-06-2026

Երևանում հարձակման է ենթարկվել «Մուֆլոն Պրոդաքշն» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ը հունիսի 12-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում 30-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու մասին։

Հրապարակումից օրեր անց SHAMSHYAN.com-ը նշված դեպքի վերաբերյալ պարզաբանում է ստացել տուժածի կնոջից, որը ներկայացնում ենք ստորև։

Ես՝ Մարիամ Հովհաննiսյանս, լինելով տուժող Գրիգոր Պողոսյանի կինը և դեպքի ականատեսը, տեղեկացնում եմ, որ չի եղել վիճաբանություն անձնական հարցերի շուրջ, այլ եղել է հարձակում ռեժիսոր և պրոդյուսեր Գրիգոր Պողոսյանի վրա, ով հանդիսանում է «Մուֆլոն Պրոդաքշն» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենը։

Դեպքի պահին Գրիգորը գտնվում էր իմ կողքին և շփվում էր իմ ու այլ մարդկանց հետ։

Դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ․ նույն օրը առավոտյան «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան հարվածել է մեր շենքի մոտ կայանված 5 ավտոմեքենաների, այդ թվում՝ նաև Գրիգորի մեքենային։ Պարեկների զանգից այդ մասին տեղեկանալով՝ Գրիգորը և ես դուրս ենք եկել փողոց։

Վթարի մասնակից վարորդների զրույցն անցել է շատ հանգիստ և քաղաքավարության սահմաններում։

Պարեկների հեռանալուց հետո ամուսնուս է մոտեցել Գևորգ Փ․-ն, ասել է․ «Հերիք չի իմ մասին չարախոսես», և անմիջապես նախ բռունցքներով, ապա ոտքերով հարվածներ է հասցրել ամուսնուս գլխին։

Քանի որ դեպքը տեղի է ունեցել շատ արագ և անսպասելի, իսկ ամուսինս չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, ժամանակ չի ունեցել որևէ կերպ արձագանքելու մեղադրանքին կամ հարվածներին, հետևաբար որևէ կերպ չի կարող խոսք գնալ վիճաբանության մասին։ Տեղի է ունեցել հարձակում։

Քննչական կոմիտեում հարուցված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի հատկանիշներով՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ խուլիգանական դրդումներով։

Մարիամ Հովհաննիսյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ մայիսի 27-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գեորգ Պողոսյաի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գրիգոր Պ․-ն է։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մաշտոցի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 15։00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ Գևորգ Փ․-ն անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գրիգոր Պ․-ի գլխի ու դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Գևորգ Փ․-ն հանդիսանում էր Երևանի բնակիչ 37-ամյա բնակիչ, ով նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր