211652_close_icon
views-count1128 դիտում article-date 12:32 25-10-2022

ԱՄՆ-ը մտադիր է 25 մլն դոլար հատկացնել Հայաստանի տնտեսության ամրապնդման նախագծին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր է Հայաստանի տնտեսությանն աջակցելու նոր ծրագիր սկսել։ Դրա բյուջեն կարող է կազմել 25 մլն դոլար։ Գերատեսչությունը հայտարարել է մասնագետների որոնման մասին, որոնք հանձն կառնեն իրականացնել այս նախագիծը։

«USAID-ի «Տնտեսական հիմք կայուն Հայաստանի համար» նախագիծը կամրապնդի Հայաստանի տնտեսական անվտանգությունը, ինչպես նաեւ տնտեսական աճի փուլերում շահ ապահովելու եւ տնտեսական անկման փուլերը հաղթահարելու ունակությունը»,- նշվել է նախագծի նկարագրության մեջ։

Ծրագիրը նախատեսված է հինգ տարով։ Այդ ընթացքում կապալառուները պետք է համագործակցեն հանրապետության պետական մարմինների, այդ թվում՝ էկոնոմիկայի եւ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ Նախագծի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 25 մլն դոլար։

Ինչպես նշել են USAID-ում, Հայաստանը վերջին տարիներին բախվել է մի քանի ճգնաժամերի, ներառյալ կորոնավիրուսի համավարակը։ 2021թ. համեմատաբար հզոր տնտեսական աճից հետո «երկրի  տնտեսության համար «նորագույն ցնցում» էին Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները, ընդգծել են գործակալությունում։

«Այս նախագիծը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական խոցելիության վրա եւ կամրապնդի տնտեսական կայունությունը հենց նման մարտահրավերների հանդեպ»,- նշվել է փաստաթղթում։

Ամերիկյան մասնագետների կարծիքով՝ այլ ցնցումները եւս, ինչպիսին է, օրինակ, հակամարտությունն Ուկրաինայում, կարող են հանգեցնել նոր դժվարությունների առաջացման։ Այս առնչությամբ ծրագրի խնդիրներից մեկը Հայաստանի կառավարությանը եւ մասնավոր հատվածին օգնություն ցուցաբերելն է՝ այդ ցնցումները հաղթահարելու համար։

Նմանատիպ նյութեր