211652_close_icon
views-count50647 դիտում article-date 12:04 24-10-2022

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ Toyota Prado-ն Դիլիջանի ոլորաններում կոտրել է գազատար խողովակներն ու երկաթե էլեկտրասյունը ու կողաշրջված հայտնվել բնակչի տան բակում․ Դիլիջանի բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Հ․-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարին, ապա գազատար խողովակներին ու էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում մոտ 1 մետր բարձրությունից ընկել և հայտնվել Կամո փողոցի 15 տան բնակչի բակում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ալեքսան Հ․-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Արմեն Զ․-ն, 25-ամյա Արտակ Հ․-ն և 17-ամյա Հայկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հարամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվելու և քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվելու է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վիրավորներից մեկին «Դիլիջան» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր