211652_close_icon
views-count2142 դիտում article-date 11:24 15-10-2022

Միջուկային առճակատման ռիսկը, զինանոցներն ու սցենարները․ «Ամերիկայի ձայն»

Վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկացի փորձագետները խոսում են Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման ռիսկի մասին՝ պայմանավորված ռազմական պարտություններով, որոնք Մոսկվան կրում է Ուկրաինայի դեմ պատերազմում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, թե ինքը պատրաստ է օգտագործել «բոլոր միջոցները»՝ «պաշտպանելու Ռուսաստանին», ավելի ճիշտ՝ բռնակցված ուկրաինական տարածքները, արևմտյան առաջնորդներին ստիպեցին խոսել այդ մասին։

Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի Միջուկային տեղեկատվության նախագծի տնօրեն Հանս Քրիստենսենը հեղինակավոր Զենքի վերահսկման ասոցիացիայի (ACA) կողմից կազմակերպված քննարկմանը խոսեց Ռուսաստանի միջուկային զինանոցի վիճակի մասին:

Ըստ նրա տվյալների՝ Ռուսաստանն ունի մոտավորապես 4500 միջուկային մարտագլխիկ, գումարած ևս 1500-ը, որոնք թոշակի են անցել, ինչպես նաև ոչ ռազմավարական (մարտավարական) միջուկային լիցքեր՝ մեկից երկու հազար, այդ թվում՝ շահագործումից հանված։ Միևնույն ժամանակ, փորձագետը պարզաբանում է, որ «ռազմավարական» և «մարտավարական» բաժանումը բացառապես պայմանական է, քանի որ միջուկային զենքի ցանկացած կիրառում ռազմավարական քայլ է.

«Ռուսաստանն ունի շատ բազմազան միջուկային ուժ՝ այդպիսի զենք ունի օդում, ցամաքում և ծովում, և պարզ է, որ ռազմական սցենարները, որոնք Ռուսաստանը դիտարկում է, վերաբերում են իրեն հարակից տարածքներին։ Կարելի է նաև եզրակացնել, որ Ռուսաստանը հենվում է մարտավարական միջուկային զենքի վրա, քանի որ նրա սովորական սպառազինությունները և ընդհանրապես ռազմական ուժերը այնքան էլ առաջադեմ չեն, ինչպես տեսանք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում»:

Հանս Քրիստենսենը հավանական չի համարում, որ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայում. «Դա զգալիորեն կբարձրացնի լարվածությունը և, իմ կարծիքով, կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի և ռուս զինվորականների միջև ուղիղ բախման»:

Փորձագետի խոսքով՝ այն, ինչ կարող է օգտագործել Ռուսաստանը Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ, «Իսկանդեր» կլինի. դրանք կարող են արագ տեղակայվել և պատրաստվել գործարկման, իսկ Ուկրաինան չունի զենք համարժեք պատասխանի համար:

Հանս Քրիստենսենը նշեց, որ ՆԱՏՕ-ն նաև զգալի միջուկային ուժեր ունի Եվրոպայում (ըստ Ամերիկացի գիտնականների դաշնության՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միասին ունեն ավելի քան 500 միջուկային զենք, գումարած մոտ հարյուր միջուկային զենք, որը Միացյալ Նահանգները տեղակայել է Եվրոպայի հինգ երկրների վեց բազաներում՝ Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ և Թուրքիա):

Փորձագետը հիշեցնում է, որ մինչ այժմ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի արձագանքել Ռուսաստանի միջուկային սպառնալիքներին՝ հավելելով, որ դաշինքը չի նախատեսում հետաձգել կամ չեղարկել միջուկային զսպման վերաբերյալ հոկտեմբերին կայանալիք զորավարժությունները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների վերահսկման երկկողմ պայմանագրի (START-3) վերաբերյալ Մոսկվայի հետ գլխավոր բանակցող Ռոուզ Գոթեմյոլերը, ով նաև մասնակցել է ռուսական սպառնալիքների պատճառով աշխարհում առկա միջուկային լարվածության մասին քննարկմանը, ուշադրություն է հրավիրել միջուկային զենքի հնարավոր կիրառման վրա այն մասով, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ մարտի դաշտում կարող է նաև հարվածել ռուսական զորքերին. «Կործանման շառավիղների մասին տվյալները խոսում են մեծ անորոշության մասին, որը կարող է հակառակ էֆեկտ ունենալ բուն ռուսական զորքերի, ինչպես նաև Ռուսաստանի ամբողջ տարածքի համար՝ կախված ուղղությունից և օդերևութաբանական այլ պայմաններից»:

Ամերիկացի նախկին դիվանագետը խոսել է այն լուրջ քաղաքական ջանքերի մասին, որոնցով ԱՄՆ վարչակազմը և ՆԱՏՕ-ն փորձում են հետ պահել Ռուսաստանին միջուկային զենք օգտագործելուց։

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը չի հավատում, որ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքը լրջորեն կազդի Պուտինի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման որոշման վրա. «Արևմուտքն այլևս չի կարողանա ավելացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, այնպես որ՝ պետք չէ զսպել, պետք է ավելի շատ ռմբակոծել»։

Ամեն դեպքում, ըստ Ռոուզ Գոթեմյոլերի, Միացյալ Նահանգները և Արևմուտքն ամբողջությամբ պետք է զերծ մնան միջուկային սպառնալիքներից, բայց պատրաստ լինեն տարբեր միջոցներ կիրառել Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառման իրական սպառնալիքի դեպքում:

Բացի այդ, Գոթեմյոլլերը հստակորեն փոխանցել է հետևյալ դիրքորոշումը. «ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-նոչ մի կերպ իրենց պատասխանի տարբերակներից որևէ մեկը ցանկալի չեն համարում։ Մենք  մեծ հույս ունենք, որ կխուսափենք ռազմական որևէ քայլից և կցանկանայինք այս հակամարտությունը թուլացնել այն աստիճան, որ այն լուծվի բանակցությունների սեղանի շուրջ»:

Նմանատիպ նյութեր