Իրանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Աստանայում. Ռայիսին Ալիևին հիշեցրել է, որ պատմական սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է
Աստանայում այսօր տեղի է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Հանդիպումը կայացել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման 6-րդ գագաթաժողովի շրջանակում։
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Նախագահ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևին հասկացրել է, որ անընդունելի է պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն։ Նաև եվրոպական ռազմական ներկայությունը՝ ցանկացած քողի տակ մերժվում է: Արևմուտքը ռազմավարական առումով չի կարող մեզ շեղել»։