211652_close_icon
views-count1034 դիտում article-date 18:12 03-10-2022

Հասնելու ենք նրան, որ ռեալ գործիքակազմեր կիրառվեն. փոխնախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասին․ Գրիգոր Մինասյան

Հայաստանն ամեն գնով հասնելու է նրան, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ գերիներին գնդակահարելու փաստի տեսանյութի առնչությամբ միջազգային հանրությունից լինեն ոչ միայն դատապարտող հայտարարություններ, այլ նաև՝ ռեալ գործիքակազմեր կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար, Արդարադատության նախարարի պաշտոնակատարի լիազորություններն իրականացնող (նախարար Կարեն Անդրեասյանը գտնվում է արձակուրդում) Գրիգոր Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: 

«Մեր գործընկերները՝ թե ՄԻՊ-ը, թե կառավարության միջազգային իրավական հարցերով  ներկայացուցիչները արդեն գործիքակազմեր են կիրառում և դիմելու են թե ՄԻԵԴ, թե Արդարադատության միջազգային դատարան»,-ասաց նա:

Մինասյանը վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ անում է, որ իրավական առումով և գնահատականները տրվեն, և միջազգային գործընկերների հետ աշխատելով հնարավորինս բերեն այն հանգուցալուծմանը, որ նման դեպքերը բացառվեն:

«Ամեն գնով հասնելու ենք նրան, որ բացի դատապարտող հայտարարություններից, նաև ռեալ գործիքակազմեր կիրառվեն և մեղավորները գոնե միջազգային հանրությունում ֆիքսվեն որպես մեղավոր, և այդ արարքը դատապարտվի»,-ասաց Մինասյանը:

Ըստ նրա՝ այդ տեսանյութը և վերջին մի քանի տարիներին, ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը ժողովրդին, բոլորին պետք է: Սակայն, այդ տեսանյութը նաև ապացուցում է, որ անելիքներն այդ ուղղությամբ դեռևս շատ են:

Իսկ, թե ինչ է սպասվում միջազգային դատարաններ դիմելուց հետո՝ նա ասաց. «Նախ՝ արձանագրել տվյալ հանցագործությունը, նաև միջազգային գործընկերների հետ աշխատանքի միջոցով ստիպել, որ իրենց ներպետական օրենսդրության հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվեն տվյալ հանցագործները»:

Նմանատիպ նյութեր