211652_close_icon
views-count1410 դիտում article-date 15:58 24-09-2022

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք

Վանաձոր համայնքի 1999-2016 թվականների ընթացքում ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Դարբինյանը,  հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպա­կան-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթ­ներ, անձնական այլ շահագրգռվա­ծությունից ելնելով՝ իր պաշ­տո­նեա­կան դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքումՎանաձոր համայն­քին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ համայնքի ղեկավար Սամվել Դարբինյանը, անտեսելով քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր) սահմանող Հողային օրենսգրքի ցանկը և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից, առանց լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը, դրա գործառնական նշանակությունըբնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից (փողոց-հրապարակ) փոխել է հասարակական կառուցապատման հողերի և տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։

«Իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով համայնքի ղեկավարը  ստորագրությամբ վավերացրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրված պաշտոնական, բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթը, իբր Վանաձոր քաղաքի Նժդեհի 30/1-1 հասցեի 0.0085 հա մակերեսով հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին, որի հիման վրա 2016 թվականի օգոստոսի 1-ին բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող հանդիսացող նշված հողամասի նկատմամբ Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեով գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը»,-տեղեկացրին դատախազությունից:

Սամվել Դարբինյանը ավագանու անդամներից թաքցրել է  հողամասի գործառնական նշանակությունը  առանց լիազոր մարմնի համաձայնության փոխելու հանգամանքը, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել նաև Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է:

«Կայացված աճուրդով՝ մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս. Վարդերեսյանը: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել է  համապատասխան արձանագրությունը, որի հիման վրա հողամասը 403.770 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Վարդերես­յա­նին, և գրանցվել սեփականության իրավունքը:Այսպիսով, Վանաձոր համայնքին պատճառվել է էական վնաս, ամայնքը զրկվել է բնակավայրերի ընդհանուր օգտագործման հո­ղա­տարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշված արարքները կատարելու համար Լոռու մարզի դատախազի տեղակալի՝ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիման վրա ՍամվելԴարբինյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին) և  պաշտոնեական կեղծիք կատարելու համար (գործող Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մաս):

Նկատի ունենալով, որ վերը նշված հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքն առաջացել է հանցագործության կատարման արդյունքում՝ գույքի հետագա բռնագանձումն ապահովելու նպատակով հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք:

Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր