211652_close_icon
views-count739 դիտում article-date 15:49 20-09-2022

Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի և Տրանշ-3-ի աշխատանքների ընթացքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Քննարկվել է ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Հիշեցնենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն Ասիական զարգացման բանկի հատկացրած վարկային միջոցներով իրականացնում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին, մոտ 42կմ), Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի (18.7կմ) վերակառուցումը, ինչպես նաև Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ) հատվածի հիմնանորոգումը։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ հիմնականում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի և Տրանշ-3-ի աշխատանքների առաջընթացին։ Ներկայացնելով կատարված աշխատանքներ՝ նշվեց, որ Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումն ավարտական փուլում է, մասնավորապես, ավարտվել է ասֆալտապատումը, մինչև տարվա վերջ կավարտվեն ճանապարհի կահավորման աշխատանքները։ Ինչ վերաբերում է Տրանշ-2-ին, ապա այստեղ առաջիկայում պայմանագիր կկնքվի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածը (կմ 29+600-կմ 37+545) վերակառուցող կապալառուի հետ, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ Տրանշ-2-ի 34կմ անավարտ հատվածի (կմ 37+545-կմ 71+500) վերակառուցման նպատակով հայտարարվել է շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ։
ԱԶԲ պատվիրակությունը կայցելի շինհրապարակներ՝ տեղում ծանոթանալու կատարված և կատարվող աշխատանքներին։ Տեղի կունենան նաև առանձին հանդիպումներ մասնագիտական թիմերի հետ՝ քննարկելով ծրագրերի ֆինանսական, տեխնիկական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ։
ԱԶԲ պատվիրակության անդամներն ընդգծեցին, որ իրենց կողմից կանեն հնարավորը՝ աջակցելու ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու հարցում։



Նմանատիպ նյութեր