Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարված է. ՊՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ժամը 13։00-ից սկսած Սոթքից մինչեւ Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով անօդաչու թռչող սարքեր։
Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են դիրքային առաջխաղացման փորձերը։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։
Ադրբեջանական զինված ուժերը հարվածներ են հասցրել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։
Սա հերթական վկայությունն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև։
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ եւ մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ եւ սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով: ՊՆ-ն բարձր է գնահատում մեր քաղաքացիների պատրաստակամությունը հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին: Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար:
ՊՆ-ն կշարունակի իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ հանդես գալ պաշտոնական հաղորդագրություններով: