211652_close_icon
views-count1014 դիտում article-date 10:55 07-09-2022

Պատերազմ բոլորի դեմ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբբսը կարծում էր, որ եթե մարդկանց հնարավորություն տրվի դրսեւորվել իրենց բնական վիճակով, ապա կհաստատվի կատարյալ քաոս, եւ բոլորը կսկսեն պայքարել բոլորի դեմ: Եվ իսկապես՝ հենց որ բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորումները պետությունների ներսում եւ պետությունների մեջ հարաբերություններում սկսում են չգործել, առաջին պլան է գալիս ուժեղի իրավունքը, եւ այդ դեպքում ավելի ուժեղները սկսում են ավելի թույլերից նրանց ունեցածը խլել, բայց ուժեղներից է՛լ ավելի ուժեղները կան, եւ, այսպիսով` պետությունը կամ ամբողջ աշխարհը սուզվում է քաոսի մեջ:

Բարեբախտաբար, ի հեճուկս այն հանգամանքի, որ այժմ Եվրոպայի արեւմտյան մասում պատերազմ է գնում, գերտերությունները դեռեւս չեն անցել այն սահմանը, որից անդին գալիս է միջուկային ապոկալիպսիսը: Օրինակ, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք կատարեց Թայվանում, չինական օդուժն այդ ինքնաթիռը չխոցեց՝ չնայած այդպիսի սպառնալիքներ չինական կողմից հնչում էին: Այսինքն՝ բոլորը հասկանում էին, որ նման խնդրի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելը խելամիտ չէր: Բայց, համաձայնեք, վիճակը բավականին փխրուն է, եւ դեռ պարզ չէ, թե աշխարհի որ հատվածում ում նյարդերն են տեղի տալու:

Որպեսզի մարդիկ չմտնեն իրենց «բնական վիճակի» մեջ, պետք է պետություն, որն արտացոլում է նրանց պայմանավորվածությունը խաղի որոշակի կանոնների մասին: Ճիշտ նույն ձեւով էլ պետություններն են դուրս գալիս քաոս ծնող «ուժեղի իրավունքի» վիճակից՝ իրար հետ երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր կնքելով:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում հասարակական մակարդակում: Այդտեղ նույնպես բոլորը սկսում են իրար միս ուտել, եթե չկա ընդհանուր նպատակի շուրջ պայմանավորվածություն: Ինչի վկան ենք մենք այսօրվա Հայաստանում: 

Վերջին օրերին նկատելի է, որ ոչ միայն իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն են իրար բզկտում եւ իրար երեսի ծանր մեղադրանքներ շպրտում, այլեւ նույնը կատարվում է ընդդիմության ճամբարում: Եվ այստեղ պայմանավորվածությունը պետք է լինի ոչ թե իրար նկատմամբ ավելի մեղմ եւ կոռեկտ լինելու թեմայով՝ դա ինքնին կլինի որպես «կողմնակի արդյունք»: Այլ պարզապես քաղաքական վերնախավում պետք է համաձայնություն լինի ռազմավարական նպատակների վերաբերյալ: Կարծում եմ, նման նպատակներից մեկը պետք է լինի Արցախի՝ մեր վերահսկողության տակ մնացած մասը որպես հայկական տարածք պահելը:

Վստահ եմ, որ ոչ մի հայ, ոչ մի ներկա կամ նախկին իշխանավոր, ոչ մի իշխանամետ կամ ընդդիմադիր կուսակցության անդամ չի ցանկանա, որ մենք ունենանք եւս 120 հազար գաղթական: Բայց մի բան է՝ ցանկությունը, մեկ այլ բան՝ առաջնահերթությունը: Արդյոք դա մեծամասնության համար առաջնահերթությո՞ւն է»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր