211652_close_icon
views-count885 դիտում article-date 18:56 06-09-2022

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակը հանձնել է IBM ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին:

Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է, որոնք ապահովում են IBM-ի ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի գործունեությունը բիզնեսներում։ Նրա թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։

Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ արդեն 12-րդ անգամ անցկացվող այս մրցանակաբաշխությունն իր նշանակությամբ բացառիկ է մեր երկրի ճանաչելիության և դերակատարման բարձրացման առումով: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում բավական մեծ դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնց գործունեությունը բերել է հեղափոխական նվաճումների և փոխել է մարդկանց կյանքի որակը: Այս մրցանակաբաշխության տրամաբանությունը կայանում էր նրանում, որպեսզի մենք մեծարենք նման լեգենդներին, հրավիրենք Հայաստան և հաղորդակից դարձնենք մեր պատանիներին, ուսանողներին և տեխնոլոգիական ու հանրակրթական հանրությանը»,- նշել է Հովիկ Մուսայելյանն ու թվարկելով նախորդ տարիներին նման պետական մրցանակի արժանացած դափնեկիրների անունները նշել է, որ նրանք Հայաստանի հետ կապը մշտապես պահպանում են:

Այնուհետև «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրել է Լեոն Սթոկի աշխատանքային գործունեության վերաբերյալ որոշ տվյալներ, որին հաջորդել է մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ այսպիսի առիթով ենք հավաքվել: Համոզված եմ, որ բոլորիս մոտ այս պահին հպարտության զգացում կա, որովհետև ամեն մի երկիր չէ, որ այսպիսի հնարավորություն ունի և պարգև է հանձնում համաշխարհային դեր, նշանակություն ունեցող ընկերության ներկայացուցչի:

Նախքան մրցանակաբաշխությունը հանդիպում ունեցա Լեոն Սթոկի հետ և փորձում էի հասկանալ, թե նրա մոտ ինչպիսի զգացողություններ կան, ինչ է մտածում այս ամենի մասին: Հերթական անգամ համոզվեցի, որ իրականում տաղանդավոր մարդիկ շատ համեստ են, իրենց գործի վարպետն են:

Իրականում, մեր երկրի, անձամբ ինձ համար մեծ պատիվ է այսօր հնարավորություն ունենալ պետական մրցանակ շնորհել Լեոն Սթոկին:

Նման մրցանակի արժանացած մարդիկ իրենց դերն ու մասնակցությունն են ունեցել ժամանակակից տեխնոլոգիական ոլորտի հեղափոխական մոտեցումների ձևավորման գործում:

Համոզված եմ, որ նման միջոցառումները, նման ավանդույթների շարունակությունը մեզ մոտ է՛լ ավելի կմեծացնի հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ և մեր երիտասարդների, ինչպես նաև կայացած գիտնականների մոտ ցանկություն կառաջացնի իրենց անունը ևս տեսնել դափնեկիրների ցուցակում»:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ կրթությունից և գիտությունից բացի Հայաստանի Հանրապետության համար զարգացման այլ ճանապարհ չկա: «Մենք այլ հնարավորություն չենք ունեցել և հիմա առավել ևս չունենք: Մենք ժամանակին ունեցել ենք զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիական տնտեսություն որպես այդպիսին: Մենք պարտավոր ենք վերականգել այդ լավագույն ավանդույթները: Համոզված եմ, որ դրան կհասնենք, որովհետև այն միտումը, որ կա այսօրվա կառավարության ծրագրերում դրան է ուղղված: Կարևոր է հնարավորություն տալ բոլոր նախաձեռնող մարդկանց տարբեր ոլորտներում՝ լինի դա գիտության, բիզնեսի, մշակույթի, մեր կյանքի բոլոր բնագավառներում: Բոլոր այն մարդիկ, ովքեր նախաձեռնող են, իսկապես ցանկություն ունեն և կարող են արժեք ստեղծել, պետությունը պատրաստ է օգնել, հովանավորել, ֆինանսավորել: Դա վստահություն է ներշնչում, որ մենք մեր վաղվա օրվա ճանապարհը անցնելու ենք շատ ավելի հեշտ, քանի որ գիտենք, թե որ ճանապարհն ենք ընտրել: Այդ ճանապարհը մեզ իսկապես տանում է դեպի բարեկեցություն, կյանքի որակի լավացում և նաև երկրի անվտանգության բարձրացում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Լեոն Սթոկը շնորհակալություն հայտնելով նման գնահատանքի համար ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը Հայաստանում: Հատկապես մեծ պատիվ է այս մրցանակը ստանալ Ձեզնից, պարոն նախագահ: Գիտեմ, որ դուք շատ եք կարևորում կրթությունը, գիտությունը: Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ կրթությունը հիմնաքարային նշանակություն ունի և ամբողջ կյանքի ընթացքում սովորելն ու գիտելիք ձեռք բերելը շատ կարևոր է»: Դոկտոր Սթոկը նշել է, որ Հայաստանում դժվար է չնկատել գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև չզգալ ընկերասեր և բարյացկամ մարդկանց վերաբերմունքը:

Այնուհետև տեղի է ունեցել հատուկ ծրարի մարման արարողություն՝ նվիրված Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին:

Նմանատիպ նյութեր