2829 դիտում
21:11 08-11-2016
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016թ. մրցանակի հանձնման արարողությունը
Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենի և նրա տիկնոջ՝ Շանթալ Լեբրյումանի, տրվել է ընդունելություն:
Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց, իսկ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ներկայացրել է այս տարի ՀՀ Նախագահի մրացանակին արժանացած անվանի գիտնական Լուի Պուզենի կենսագրությունը, նրա ներդրումը ՏՏ ոլորտում:
Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Լուի Պուզենին և այդ առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:
Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսք է ասել մրցանակակիր Լուի Պուզենը:
«Պարոն Նախագահը շատ հաճելի խոսքեր շռայլեց իմ հասցեին, և իմ կարծիքով, պետք է միասին նայենք ապագային, քսան տարի հետո ինչ կլինի ինտերնետին, մենք չգիտենք: Ներկայումս մեծ մարտահրավեր է այն ապահով դարձնելը, անվտանգ դարձնելը, այսինքն՝ ավելի համապատասխանեցնելը մարդկանց կարիքներին, և դա ժամանակ է պահանջում, էներգիա, աշխատանք և նպատակադրվածություն ընդունելի հավասարակշռությանը հասնելու համար՝ արդյունաբերության, հետազոտության, տեխնոլոգիայի, սոցիոլոգիայի և այլ ոլորտներում: Որոշակի համատեքստում փորձենք խուսափել շահերի բախումից: Պետք է հաշվի առնենք, որ կյանքը ավելի հետաքրքիր է, քան մահը, ուստի պետք է առաջ շարժվել, փորձել դժվարությունները հաղթահարել, և հաջորդ տասը տարիների ընթացքում, երևի, հասարակությունը պետք է իրեն համապատասխանեցնի ինտերնետային դարաշրջանին»,-ասել է «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը:
***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Հարգելի՛ տեր և տիկին Պուզեններ,
Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,
Այսօր ես մեծ գոհունակությամբ պետք է հանձնեմ մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակը: Պատիվ ունեմ այդ մրցանակը շնորհելու «Օփեն Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն պարոն Լուի Պուզենին: Մենք այսօր մեծարում ենք մի մարդու, ով համացանցի նախահայրերից մեկն է:
Մի օր կատակով մեկն ասաց, որ ինտերնետ համաշխարհային ցանցը ստեղծվել է հենց հայերի համար, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայերը կարողանան ավելի արագ կապ հաստատել միմյանց հետ և համատեղ ծրագրեր մշակեն ու իրականացնեն, այսպես ասած, հայկական աշխարհը: Պարո՛ն Պուզեն, մենք դրա համար, իհարկե, շատ շնորհակալ ենք Ձեզ: Իսկ առանց կատակի՝ պիտի ասեմ հետևյալը. Դուք այն մարդկանցից եք, որոնք իրականություն են դարձրել մարդկության պատմության մեծագույն տեխնիկական հեղափոխություններից մեկը: Համացանցի ստեղծման հետ կարող են համեմատվել կրակի, մետաղի մշակման, գրատպության գյուտերը: Դրանք իսկապես դարակազմիկ իրադարձություններ են եղել, որոնք փոխել են ողջ աշխարհի վարքն ու նկարագիրը: Դուք նրանցից մեկն եք, ով փոխել և շարունակում է փոխել աշխարհը:
Ինտերնետ համաշխարհային ցանցի ստեղծման շուրջ առաջին մշակումները սկսվել են, եթե ինձ ճիշտ են հուշել, Սառը պատերազմի ժամանակ: Այդ ուղղությամբ տարվող սկզբնական աշխատանքների հիմնական նպատակն էր՝ ստեղծել այլընտրանքային կապի միջոցներ հրամանատարական վերահսկողություն իրականացնելու համար, հատկապես՝ ահավոր և աներևակայելի միջուկային պատերազմի ժամանակաշրջանի համար: Փառք Աստծո, Սառը պատերազմի ծանր դիմակայությունը դարձել է պատմություն, և ջանքեր գործադրենք, աղոթենք, որպեսզի այդ ժամանակաշրջանը ետ չվերադառնա, իսկ համացանցն այսօր ծառայում է միլիոնավոր մարդկանց՝ խաղաղության պայմաններում:
Այս մրցանակով պարոն Պուզենի հետ միասին ևս մեկ անգամ ընդգծում ենք այդ խաղաղության և համագործակցության կարևորությունը, որի իսկական և դրական արգասիքը և միջոցը պետք է լինի համացանցը:
Հարգելի՛ պարոն Պուզեն,
Այս մրցանակը, որ մենք հիմնել և շնորհում ենք արդեն վեցերորդ տարին, նպատակ ունի գնահատելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այն նվիրյալներին, որոնք նպաստում են մարդկության առաջընթացին և համախմբմանը: Մենք ուզում ենք այս մրցանակով կրկին շեշտել Ձեր և այս ոլորտում Ձեզ նման ռահվիրաների կարևորությունը: Մեզ պետք են երախտավորներ, որոնց կցանկանան նմանվել մեր պատանիներն ու աղջիկները, մեր երիտասարդներն ընդհանրապես: Դուք հենց այդպիսին եք:
Իմ խոսքի սկզբում նշեցի, որ այս մրցանակը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն: Պատճառը միայն այն չէ, որ նոր սերնդին ցանկանում ենք արժանավոր օրինակներ ցույց տալ: Պատճառներն ավելի խորն են: Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն: Թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում մեր կրթությունը, գիտությունը, տնտեսությունը և ընդհանրապես ողջ հասարակությունը աշխարհի հետ համատեղ քայլելու անհրաժեշտություն ունի և միայն տեղեկատվական արդիական տեխնոլոգիաներով զինված լինելու դեպքում դա կարող է անել: Ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհում մրցունակ լինելը, եթե շատերի համար բարեկեցության հարց է, ապա մեզ համար նաև ազգային անվտանգության հարց է: Մեր ապագայի տեսլականն այս համատեքստում է: Եվ Դուք մեզ համար հյուր եք ապագայից:
Շնորհավորում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն Պուզեն, այս մրցանակին արժանանալու առթիվ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ Ձեր շնորհակալ գործում: Վստահ եղեք, որ Դուք Հայաստանում այսուհետ ունեք մեծաթիվ հավատարիմ և ջերմ բարեկամներ:
Շնորհակալություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»