211652_close_icon
views-count28970 դիտում article-date 20:21 04-09-2022

Ձեզ բացակա չենք դնի․ Մխչյան գյուղում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած մխչյանցի հերոսների անվամբ խաչքար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցի բակում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած մխչյանցի հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, լեգենդ դարձած հերոսների հայրեր, գյուղի ողջ բնակչությունը, հյուրեր ՀՀ պաշտպանության նախարարությունից, Գլխավոր շտաբից, Արարատի մարզպետարանից, Արտաշատ խոշորացված համյանքի և Մխչյան գյուղի ղեկավար կազմը, դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու սաները։

Դպրոցի բակում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ՝ Մխչյան համայնքի բնակիչներ Ռաֆիկ Օրդոյանի, Արմեն Կնյազյանի, Ռաֆայել Վասիլյանի, Դավիթ Հովհաննիսյանի և Պետրոս Ասատրյանի հիշատակին խաչքար։ 

Սպիտակ սավանը խաչքարի վրայից իջեցրեցին հերոս Ռաֆիկ Գևորգի Օրդոյանի ընտանիքի անդամները, որից հետո Մասյացոտնի թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ և Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Պալգևորգյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության կարգ։ Տեր Հայրը սաղմոսների ընթերցանությամբ նախ ջրով, ապա գինով լվաց խաչքարը, ապա կատարեց օրհնության կարգը։ 

Իր ելույթում Տեր Հայրը խոսեց խաչի իմաստի և նշանակության մասին։ Եվ ասաց, որ դպրոցի բակում տեղադրված խաչքարն այսուհետ դառնալու է մեր հերոս տղաների՝ նահատակների անմահության խորհրդանիշ, ովքեր հանուն Հայաստանի, հանուն Արցախի տվեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը։ Իսկ վերջում ցանկացավ, որ Աստված խաղաղություն պարգևի Հայաստան և Արցախ աշխարհին, լուսավորի մեր բոլոր նահատակների հոգիները և իր երկնային արքայության անթառամ պսակին արժանացնի հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած նահատակներին։

Հուզիչ էր սիրված ու ճանաչված երգիչ Արսեն Գրիգորյանի խոսքը, նաև պարտավորեցնող, քանի որ այդ խոսքում մի ամբողջ գնահատանք կար նահատակներին։

Այդ խոսքում կար հպարտություն, որ մեր լավագույն տղերքը մեզ կյանք տվեցին, իրենց կյանքով։ Ու մենք պարտավոր ենք ի լուր աշխարհի ասել՝ Ձեզ բացակա չենք դնի։ 

Իսկ հետո սիրված երգիչը դպրոցի սաների մասնակցությամբ կատարեց զինվորների սիրած լավագույն երգերից՝ «Թռչեի մտքով տուն»։

Ներկաներն այնուհետև ծաղիկներ խոնարհեցին ու արդեն դպրոցի ներսում՝ փառքի թանգարանում, ծանոթացան հերոսների կյանքին։ 

Խաչքարի հեղինակն է քանդակագործ, բազմաթիվ քանդակների հեղինակ Արտակ Համբարձումյանը, ով նույնպես ներկա էր և ծաղիկներ խոնարհեց խաչքարին։

Ռաֆիկ Գևորգի Օրդոյան, Կապիտան։

Ռաֆոն ծնվել է 1994 թվականի` նոյեմբերի 26-ին։

2012 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 1 կիսամյակ սովորելուց հետո` զորակոչվել է ծառայության, այնուհետև որոշում է կայացրել, որ պետք է մասնակից դառնա հայրենիքի պաշտպանությանը և 6 ամիս ծառայելուց հետո` ընթացք է տրվել այդ ցանկությանը։

Ընդունվել և կրթություն է ստացել` մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի հակաօդային պաշտպանության ֆակուլտետում...

Որպես լեյտենանտ ծառայության է անցել Ակնայում (Աղդամ)։

Ռաֆոն, դեռ խաղաղ պայմաններում 2 ԱԹՍ է խոցել, առաջինը` 25.09.2019 թվականին` «ORBITER-2» տիպի անօդաչու, որի համար պարգևատրվել է` «Մարտական ծառայություն» մեդալով, երկրորդը եղել է 21.04.2020 թվականին` «ORBITER» տիպի անօդաչու , ինչի համար էլ պարգևատրվել է «Արիության» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։

26-ամյա Կապիտանը եղել է Օսա-ԱԿ համալիրի հաշվարկի հրամանատար, իր հաշվարկի կազմով` պատերազմի 43 օրերին խոցել է շուրջ 22 անօդաչու, ինչի համար էլ ծառայակիցները նրան սկսել են անվանել «#Երկնքի_տիրակալ»։

Հերթական հրամանը կատարելիս` նոյեմբերի 9-ին թշնամու ԱԹՍ-ն հարվածել է նրա տեխնիկային, ինչի արդյունքում ծանր վիրավորում է ստացել և չդիմանալով վիրահատությանը` ֆիզիկապես լքել է մեր հերոսը...

ԱՀ նախագահի հրամանագրով,  հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 972+
972+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր