Ողջունելով ՄԽ համանախագահ երկրների դեսպանների Շուշի չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ Ադրբեջանում դեսպանների կողմից Արցախի օկուպացված տարածք չայցելելը:
«Իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են։ Ինչքան էլ մեզ մաշեն պատերազմներով, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության և հարգանքի։ Արցախի Հանրապետությունը ամենքիս մեջ է, և եթե յուրաքանչյուրս արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք ու հայտնաբերենք, ոչ ոք չի կարող մեզ ստիպել ապրել իրենց պարտադրված երկրում։
Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը և դրանով շարժել Բաքվի իշխանությունների անթաքույց զայրույթը։ Ողջունելով Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,-նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը այսօր կրկնել է Իլհամ Ալիևի թեզը՝ ղարաբաղյան հակամարտության՝ «լուծված լինեու» և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու «աննպատակահարմարության» վերաբերյալ։