«Շատ հիասթափված եմ և ցավում եմ, որ հայերին չեն թողնում մուտք գործել հայրենիք». Սյունե Աբրահամյանը դեռ օդանավակայանում է. 168.am
Քիչ առաջ ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը Facebook-յան գրառմամբ «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրել էր, որ իրեն արգելել են հայրենիք մուտք գործել՝ պատճառաբանությամբ, թե անցանկալի անձ է։
168.am- ի հետ զրույցում Սյունե Աբրահամյանը հայրենիք՝ իր մուտքի արգելքը պայմանավորեց իր քաղաքական հայացքներով։
«Առաջին անգամը չէ, որ ես Հայաստան եմ գալիս. որևէ տեխնիկական խնդիր գոյություն չունի՝ օրինակ, անձնագրի հետ կապված։ Սա հստակ քաղաքական հետապնդում է,- ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամը՝ հավելելով, որ հստակ չի հասկացել, թե ինչն էր մուտքի արգելքի պատճառը:
-Սկզբում երբ գնացի անձնագրերի ստուգմանը, իմ կարծիքով՝ ամեն ինչ նորմալ էր, բայց վերջում աշխատակիցը հարցրեց՝ խնդիր կա՞, ես ասացի՝ոչ։ Եվ հետո, առանց որևէ բան ասելու՝ գնաց ու իր գործընկերների հետ սկսեց ինչ-որ բաներ քննարկել։ 12 ժամ սպասելուց հետո ինձ ասացին, որ իմ մուտքն արգելքով է։ Հարցրեցի՝ ինչ պատճառներով, իրենք ոչ մի բան չէին ուզում ինձ ասել, որովհետև դա իրենց ասելիքը չէր գուցե։ Սահմանապահներին գնում-հարցնում էի՝ ի՞նչ է լինելու, ճշտվե՞ց մի բան, իսկ ինձ անընդհատ պատասխանում էին նույն ձևով՝ պիտի սպասեք, պիտի սպասեք…
Այսպես շարունակ՝ մինչև ասացին, որ արգելք ունեմ: Ինձ միայն փոխանցեցին, որ այս մերժման պատճառների մասին կարող եմ տեղեկանալ Հայաստանում Հոլանդիայի դեսպանության միջոցով։ Ի դեպ, մերզրուցակիցըհայտնեց, որ 8-9 անգամ եղել է հայրենիքում, վերջին անգամ՝ 2021թ. -ի ամռանը, և միշտ առանց խնդրի է մուտք գործել։ «Ես երբեք հայրենիք մտնելու խնդիր չեմ ունեցել և կյանքում չէի սպասում, որ պիտի հասնի այս պահին. շատ հիասթափված եմ և շատ եմ ցավում, որ հայերին չեն թողնում մուտք գործել հայրենիք»,- ասաց նա։ Նշենք՝այս պահին Սյունե Աբրահամյանը դեռ «Զվարթնոց» օդանավակայանում է։
Մանրամասները՝ 168.am-ում