211652_close_icon
views-count1222 դիտում article-date 16:48 28-07-2022

Կառավարությունը հաստատեց անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները և գործիքները: Նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման արդյունավետ կառուցակարգ՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՖՄԴ սկզբունքների և մոտեցումների վրա:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում ներկայում գործող հաշմանդամության գնահատման համակարգը, մասնավորապես գնահատման չափանիշները, հնարավորություն չեն տալիս ավելի համապարփակ գնահատելու անձի խնդիրները, ուստի ներդրվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը»։

«Հաշմանդամության գնահատման գործող համակարգը հիմնված է հաշմանդամության «բժշկական» մոդելի վրա, որը դիտում է հաշմանդամությունը որպես անձի խնդիր՝ ուղղակիորեն պայմանավորված հիվանդությամբ, վնասվածքով կամ այլ առողջական խնդրով:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը» նախագծով առաջարկվում է ներդնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքներին համապատասխանող չափորոշիչների համակարգը՝ հիմնված օրգանիզմի ֆունկցիաների, մարմնի կառուցվածքի, մասնակցության և գործունեության և միջավայրային գործոնների յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման վրա:

Առաջարկվում է հաշմանդամության խմբերի փոխարեն ներդնել ֆունկցիոնալության սահմանափակումները դասակարգող կառուցակարգ: Ըստ այդմ, առանձնացվում են խնդրի բացակայություն, թեթև խնդիր, միջին ծանրության խնդիր, ծանր խնդիր և խորը խնդիր կատեգորիաները:

Չի կիրառվելու ընդհանուր և պիտակավորող բնույթ ունեցող «հաշմանդամ երեխա» եզրույթը ևս: Փոխարենը երեխաների ֆունկցիոնալության գնահատումը ևս իրականացվելու է մշակված չափորոշիչների և կատեգորիաների վրա՝ յուրաքանչյուր երեխայի առանձնահատուկ իրավիճակի և կարիքների վրա հիմնված տարբերակված մոտեցում դրսևորելով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծում նաև սահմանվել են վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքերը, որոնց դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:

Նմանատիպ նյութեր