211652_close_icon

Էլեկտրոնային հարցաթերթիկներով 10-օրյա մարդահամար՝ Հայաստանում. ինչ հարցերի են պատասխանելու քաղաքացիները

views-count1823 դիտում article-date 16:05 27-07-2022
Հայաստանի անկախության պատմության մեջ կանցկացվի երրորդ մարդահամարը, հարցաթերթիկներն առաջին անգամ կլինեն էլեկտրոնային տարբերակով, այն կտևի 10 օր, կհավաքագրվեն տվյալներ նաև մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների վերաբերյալ, արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց: «Արմենպրեսը» նախատեսվող մարդահամարի, նախորդներից տարբերության մասին զրուցել է ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանի հետ:

«Մարդահամարը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մարդահամարը 2 անգամ հետաձգվեց. պետք է անցկացվեր 2020-ին, հետաձգվեց՝ 2021-ին, և վերջնական որոշվեց անցկացնել 2022 թվականին»,-ասաց Գևորգյանը:

Ըստ օրենքի՝ մարդահամար անցկացվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ, սրանից առաջ Հայաստանում անցկացվել են 2001 և 2011 թվականներին:

Այս տարի առաջին անգամ մարդահամարի համար օգտագործվելու է համակցված մեթոդը: Հիմնական  կարևոր չոր թվերը ստացվելու են վարչական ռեգիստրից՝ ազգություն, քաղաքացիություն, տարիք, սեռ թեև՝ այդ հարցերը հետո ուղղվելու են նաև հարցվողներին:

«Օգտվելու ենք վարչական ռեգիստրից և կատարելու ենք ընտրանքային հարցում՝ 25 տոկոսի չափով: Համակարգն ավտոմատ կերպով կատարում է ընտրություն»,- ասաց նա:

Այսինքն, հաշվարարն այցելելու է յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր 4-րդ տնային տնտեսություն, պլանշետի միջոցով լրացնելու է էլեկտրոնային հարցաթերթ: Առաջին անգամ է, որ այն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Հարցերն ուղղված են լինելու տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին:  

Հարցաթերթիկում լինելու են նախ անհատական հարցեր՝ անուն-ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, սեռ, անձի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն և այլն: Քաղաքացիներից կհարցնեն նաև քաղաքացիության երկիրը, քաղաքացիության երկրորդ երկիրը, գոյության միջոցի հիմնական աղբյուրները: Նաև հետաքրքրվելու են, թե հարցման պահին մշտապես որտեղ են գտնվում տան անդամները, այսինքն՝ մշտապես ներկա, ժամանակավոր ներկա կամ բացակա: Կան հարցեր նաև կրթության, առողջության վերաբերյալ, աշխատանքի, բնակպայմանների, ամուսնական կարգավիճակի, զբաղմունքի և այլնի վերաբերյալ:

Ըստ Գևորգյանի՝ հարցերը նախորդ մարդահամարների համեմատությամբ շատ չեն փոխվել, ավելացել են որոշակի հարցեր. օրինակ՝ առողջության վիճակի և այլնի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ ներառված է լինելու  39 հիմնական հարց և տնային տնտեսության բնակպայմանների վերաբերյալ ևս 5 հարց:

«Օրենքը սահմանում է, որ հարցերին պետք է պարտադիր պատասխանեն: Բայց կան որոշակի հարցեր, որոնց պատասխանից մարդիկ կարող են հրաժարվել, այդ հարցերն ազգության, լեզվի, կրոնի վերաբերյալ են:  Անհատական տվյալները գաղտնիք են, մենք չենք հրապարակում: ԴԱ օրենքով է սահմանված: Մենք հրապարակում ենք միայն հավաք տվյալները: Այսինքն՝ մարդիկ պատասխանելիս կարող են որևէ կասկած չունենալ: Իրենց ճիշտ պատասխաններից են կախված մեր արդյունքները»,-վստահեցրեց Գևորգյանը:

Նմանատիպ նյութեր