Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի փոխտնօրեն Մաթիաս Հեսպեն և հիմնադրամի Երևանյան գրասենյակի ղեկավար Լիաննա Մարուքյանը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Շտեֆան Մալերիուսին նշանակման կապակցությամբ և բեղմնավոր համագործակցություն մաղթել: Հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախագահին ընդունելության համար և վստահեցրել են, որ ինչպես և նախկինում շարունակելու են սերտ համագործակցությունը հայաստանյան հասարակական սեկտորի և պետական մարմինների հետ:
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ու անվտանգային միջավայրի կայունացմանը միտված ջանքերը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել այս գործընթացներին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոռուպցիայի կանխարգելման քաղաքականության, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների և նախաձեռնությունների վերաբերյալ: