211652_close_icon
views-count80751 դիտում article-date 14:13 19-07-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը․ կա վիրավոր․ դեպքի վայրում պարեկները կանխեցին ծեծկռտուքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են  Haise մակնիշի շտապօգնության և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող յուղման կետի աշխատակիցները, մինչև շտապօգնության ժամանումը՝ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Այնուհետև ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել բնակչի տան շինության պատին, կոտրելով նաև փայտյա սյունն ու գազի հաշվիչի սյունը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ՝ Ռազմիկ Ղարիբյանն ու Կարեն Խաչատրյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Վ․ Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում կրքերը շիկացան, երբ մի խումբ քաղաքացիներ շտապօգնության ավտոմեքենայի վարորդի հետ սկսեցին վիճաբանել, բանը հասավ իրար քաշքշելու։ Բայց պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում բանը «տուրուդմփոցի» չհասավ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում և Աբովյանի հիվանդանոցից հիվանդ էր տեղափոխում Երևանի հիվանդանոցներից մեկը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շանշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր