211652_close_icon
views-count740 դիտում article-date 13:42 19-07-2022

Կարևոր քայլ՝ դեպի համապարփակ կարգավորում. Բորելը ողջունել է Միրզոյան- Բայրամով հանդիպումը

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպումը: Այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր էջում:

«Կարևոր քայլ՝ դեպի համապարփակ կարգավորում: Եվրամիությունը լիարժեքորեն ներգրավված է՝ աջակցելու խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկասին: Կարգավորումն ու հաշտեցումը հնարավոր է միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- նշել է Բորելը:

Հուլիսի 16-ին Թբիլիսիում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել էին նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

Նախարար Միրզոյանը վերահաստատել էր հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։Նա շեշտել էր հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։

Արձանագրվել էր շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր