211652_close_icon
views-count1280 դիտում article-date 21:16 28-06-2022

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ( IWF ) հատուկ համաժողովն անցել է լարված մթնոլորտում

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ( IWF )  հատուկ համաժողովը: Օրակարգում գլխավոր հարցը ընտրություններն էին:

IWF-ի նախագահի պաշտոնի համար հայտ ներկայացրած 12 թեկնածուներից տասը քվեարկությունից առաջ   հանել էին իրենց թեկնածությունը։ Պայքարն ընթացել է Իրաքի ներկայացուցիչ Մուհամմեդ Ջալուդի, ով մինչ այդ  զբաղեցնում էր  գլխավոր քարտուղարի պաշտոնը, և քաթարցի Յուսեֆ ալ Մանանի միջև։

Նախագահ է ընտրվել  Մուհամեդ Ջալուդը, որը ծանրամարտում մեծ փորձ և հեղինակություն ունի:

Նորանշանակ նախագահը  շնորհակալություն է հայտնել ծանրամարտի ընտանիքին և նախագահի պաշտոնակատար դոկտոր Մայքլ Իրանիին՝  կատարած աշխատանքի համար:  Ջալուդը նաև  նշել է , որ դեռ շատ գործ կա անելու կազմակերպությունը ուժեղացնելու և ավելի ամրապնդելու  համար:

Գլխավոր քարտուղարի պաշտոնը  վստահվել է  պերուացի Խոսե Կառլոս Կինյոնես Գոնսալեսին: Փոխնախագահներ են ընտրվել Ուրսուլա Պապանդրեան (ԱՄՆ), Պիտեր Կրոլը (Չեխիա), Պիրոս Դիմասը (Հունաստան), Դորիս Մարերո Տրավիեսոնը (Վենեսուելա) և  Ատիլա Տամաշ Ադամֆին (Հունգարիա): 

Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ծանրամարտի հայկական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նա ասաց, որ կոնգրեսի ընթացքը եղել է լարված, քանզի մասնակիցները բաժանված են եղել երկու բևեռի:

Հաշվիչ հանձնաժողովի գործը ղեկավարել է  ՄՕԿ –ի դիտորդական հատուկ հանձնաժողովը:

Վերջում լսվել  է ՄՕԿ –ի հանձնարարականը, ըստ որի, պետք է կատարվեն նախօրոք հայտարարված բոլոր պահանջները , որպեսզի մարզաձևն իր տեղն ամրապնդի օլիմպիական ընտանիքում:

Նմանատիպ նյութեր