211652_close_icon
views-count984 դիտում article-date 16:26 27-06-2022

Հայաստանի նոր Ազգային պակտը. Ավետիք Չալաբյան

Մայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը քրեակատարողական հիմնարկից փոխանցել է ևս մեկ՝ «Հայաստանի նոր ազգային պակտը» հոդվածը։

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Այս հատվածում Ավետիք Չալաբյանն անդրադարձել է ապագա հայկական պետության առջև դրված խնդիրներին, այն գործուն քայլերի հաջորդականությանն ու բովանդակությանը, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն և այլ կարևոր թեմաների։

Հոդվածում հեղինակը համեմատականներով անցկացնելով աշխարհի հզոր տերությունների հետ, մատնանշում է, թե ինչպես են դրանք սրընթաց զարգացում ապրել, ինչպես օրինակ Շվեյցարիան, Հարավային Կորեան և Սինգապուրը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ 

«...ի՞նչն է այս երեք պետություններին թույլ տվել խախտել ավանդական տրամաբանությունը և այդպիսի տպավորիչ ցատկ կատարել։ Ի՞նչ կարող ենք մենք սովորել նրանց փորձից, և որքանո՞վ է այն մեր համար արդիական ու կիրառելի։ Կուզեի նշել մի քանի գործոն, որոնք էական դեր են խաղացել այնտեղ՝

-       Աշխարհաքաղաքական հստակ դիրքավորում. Հարավային Կորեան դիրքավորված էր որպես Հեռավոր Արևելքում կոմունիզմի դեմ պայքարի առաջավոր բաստիոն, և ստանում էր ամբողջ արևմտյան աշխարհի, և առաջին հերթին ԱՄՆ աջակցությունը։

-       Անկախ իշխանությունների փոփոխությունից՝ գոյություն ուներ հստակ ազգային կոնսենսուս արդիականացման, տնտեսության առաջանցիկ զարգացման, և համաշխարհային տնտեսական արժեշղթաներին ինտեգրման վերաբերյալ, դա իրականացվում էր հետևողական և ագրեսիվ կերպով։

-       Ռազմականացումը դիտարկվում էր որպես բացարձակ անհրաժեշտություն՝ պաշտպանվելու Հյուսիսային Կորեայից և կոմունիստական Չինաստանից եկող վտանգից։ Միևնույն ժամանակ այն առանցքային խթան դարձավ երկրի տեխնոլոգիական զարգացման համար։

-       Պետությունն իր բյուջեն ուղղում էր կրթության և սոցիալական մոբիլության վրա, ոչ թե սոցիալական համահարթեցման։ Դրանով այն ստեղծեց հասարակության ներսում գերմրցակցային միջավայր ու խթաններ՝ սովորելու և աշխատելու։

-       Կարևոր դեր խաղաց նաև Ճապոնական օկուպացիայի ընթացքում ստացված հոգեբանական ծանր տրավման հաղթահարելու հասարակության ձգտումը՝ չնայած խնդիր չկար։ Ի պատասխան դրան՝ Ճապոնիային ռազմական պարտության մատնելու մղված Կորեական հասարակությունը ձգտում էր մրցակցել ճապոնականի հետ և նրան գերազանցել հնարավոր բոլոր ոլորտներում»։

Անդրադառնալով հարցին, արդյո՞ք դա հնարավոր է մեր պայմաններում, արդյո՞ք մենք կարող ենք այդպիսի ծանր բեռ վերցնել մեզ վրա և հաջողությամբ տանել այն, Չալաբյանը մատնանշում է մի քանի էական կետ.

•      Այսօրվա Հայաստանի համար առանցքային կարևորություն է ստանում ձևավորել սեփական «Ազգային պակտ»-ը, այսինքն այն պարզ, հասկանալի, և համընդհանուր ռազմավարական նպատակները, որոնց պետք է ծառայի հայկական պետությունը առաջիկա տասնամյակներին, և որոնք ենթակա չեն արմատական վերանայման քաղաքական ուժերի փոխարինման դեպքում։ Այսպիսի գործընթաց կարելի է ձեռնարկել արդեն հիմա՝ դուռը բաց թողնելով բոլոր քաղաքական և հասարակական կառույցների համար և ունենալով «Ազգային պակտ»-ի շուրջ ձևավորվող հանրային լայն քննարկում։ Ի դեպ, այդպիսի «Ազգային պակտ»-ի օրինակ է նաև մեր Անկախության հռչակագիրը, սակայն հենց դա ակնհայտորեն այսօր թարմացման կարիք ունի, և այս ամբողջ գործընթացը կարող է կառուցվել Անկախության հռչակագրի արդիականացման, հաջորդ մի քանի տասնամյակների համար նորացված հենքային ազգային փաստաթուղթ ձևավորելու տրամաբանությամբ։ Առաջին քայլն այդ ուղղությամբ կատարվել է, երբ հունիսի 3-ին դիմադրության շարժման կողմից ներկայացվել էր 7 կետից բաղկացած հայտարարության նախագիծը։ Թեև իշխող մեծամասնությունն այն չընդունեց, շատ կարևոր է, որ այդ հայտարարության տակ ստորագրեցին մի շարք արտախորհրդարանական քաղաքական կառույցներ, և հենց դա է ազգային կոնսենսուս ձևավորելու ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը։

Հաջորդիվ՝ մեզ պետք է լինելու ձևավորել այնպիսի ազգային առաջնորդություն, որն ընդունակ է այն իրականացնել հաջորդ տասնամյակների ընթացքում։ Մեր իրականության մեջ մարդկանց մեծամասնությունը մտածում է անձերով, պարբերաբար հարց տալով, թե ով է գալու «Նիկոլից հետո»։ Իրականում սա հետևանք է ֆունդամենտալ ինստիտուցիոնալ դեֆեցիտի, որը մենք չենք կարողացել հաղթահարել անկախության երեք տասնամյակների ընթացքում՝ շարունակելով մեր բարդագույն խնդիրների լուծումը տեսնել միֆական «Փրկչի» գալստյան մեջ, փոխանակ ամրացնելու մեր պետության ինստիտուցիոնալ հիմքերը։

•      Ապագա հայկական պետությունը պետք է կարողանա վերականգնել սեփական ինստիտուցիոնալ խորությունը, և պետական ապարատի կարողությունները բարձրացնել որակական նոր մակարդակի։ Սա հնարավոր չէ, սակայն, գործող Սահմանադրության պայմաններում, որը դիկտատորական լիազորություններ է տալիս մեկ անձի (ընդ որում անկախ նրա կառավարչական որակներից):

•      ...մեր երկրի քաղաքական վերնախավը պետք է ևս ձևավորվի նույն սկզբունքով. ի սկզբանե, քաղաքական գործունեության համար պետք է ներգրավեն այն անձիք, որոնք ընգծված գաղափարական մղումներ ունեն, և սեփական քաղաքական հավակնություններին ստորադասում են նյութական բարեկեցությունը։

Նշենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Նմանատիպ նյութեր