ՌԴ-ն վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները
Ռուսաստանը վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները, ինչը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Կառավարության որոշման համաձայն՝ հանվել են ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային ճանապարհով ՌԴ տարածք մուտքի բոլոր սահմանափակումները։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում զբոսաշրջային հոսքերը կվերականգնվեն, և դա շատ կարևոր է Հայաստանի ու Ռուսաստանի բնակիչների համար»,- նշել է Միշուստինը:
ՌԴ վարչապետը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը Ռուսական կողմը առաջնահերթություն է տալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
«Փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ակտիվորեն իրականացվում են գործնական աշխատանքներ: (խմբ. ՌԴ, Հայաստան, Ադրբեջան): Հերթական հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ»,-նշել է Միշուստինը: