Կայացավ Աբովյանի Քաղաքային մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունը
ՀՖՖ հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Աբովյան քաղաքում հանդիսավոր կերպով վերաբացվեց «Քաղաքային» մարզադաշտը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Հիմնովին վերանորոգված մարզադաշտն այսուհետ կարող է տեղավորել 3100 հանդիսական և ընդունել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հանդիպումներ։
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, խոսելով վերաբացված մարզադաշտի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի հարաբերությունների և այլ հարցերի մասին, նշեց.
«Մարզադաշտն ինձ շատ է դուր գալիս։ Խոտածածկը նույնպես շատ լավ որակի է։ Շատ լավ ենթակառուցվածք է։ ՈՒԵՖԱ-ն հետագայում ամեն ինչ կանի՝ աջակցելու, որպեսզի այն ավելի բարելավվի։
ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչպես նաև անձամբ իմ և Արմեն Մելիքբեկյանի հարաբերությունները չէին կարող ավելի լավ լինել։ Ես սա չեմ ասում՝ ուղղակի դիվանագիտությունից դրդված։ Կարծում եմ՝ այսպիսի ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ, լինելով փոքր երկիր, կկարողանաք ավելի զարգացնել ֆուտբոլը և նպաստել մարզաձևի մասսայականացմանը։ ՈՒԵՖԱ-ն իր հնարավորությունների սահմաններում կփորձի անել ամեն ինչ, որպեսզի ՀՖՖ-ն կարողանա ապագայում ունենալ նաև նոր՝ ազգային մարզադաշտ»:
Մարզադաշտի վերաբացման և ապագա ծրագրերի մասին խոսեց նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Մենք անպայման ուզում ենք, որ այստեղ Հայաստանի առաջնության հանդիպումներ անցկացվեն, և, բնականաբար, դրանք օգտագործվելու են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների համար։ Մենք այս մարզադաշտը շատ ակտիվ օգտագործելու ենք:
Հույս ունեմ, որ հաջորդ ամսին՝ հուլիսին, մենք նաև կբացենք Վանաձորի «Քաղաքային» մարզադաշտը, որը մեզ համար նույնպես շատ կարևոր ենթակառուցվածք է։ Այն գրեթե պատրաստ է։ Այս տարի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը Երևանի կենտրոնում նույնպես պատրաստ կլինի, շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ ՀՖՖ-ն նաև լուսավորության համակարգ է տեղադրում Գյումրու «Քաղաքային» ստադիոնում, ինչը թույլ կտա հանդիպումներ անցկացնել Գյումրիում նաև երեկոյան ժամերին։ Այնտեղ մենք նախատեսում ենք անցկացնել նաև միջազգային հանդիպումներ։
Աբովյանի Քաղաքային մարզադաշտում նորոգվել է գրեթե ամեն ինչ՝ սկսած լուսավորության համակարգերից, վերջացրած հանդերձարաններով, տանիքով։ Եվ, իհարկե, հիմնանորոգվել է նաև խաղադաշտը, որը շատ բարձր որակի կլինի»: