211652_close_icon
views-count850 դիտում article-date 13:29 15-06-2022

ՄԻՊ-ը մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի անդամ երկրների նստաշրջանին

Լիագումար նիստի ընթացքում ելույթով Պաշտպանը ներկայացրել է Կոնվենցիայի պահանջներին համապատասխանության ապահովման հարցում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և կատարվող աշխատանքները՝ թե իրավիճակի մշտադիտարկման, և թե անհատական դիմում բողոքների քննության արդյունքում։

ՄԻՊ-ից հայտնում են, որ Գրիգորյանը շեշտել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կոմիտեին անցյալ տարի Պաշտպանի հաստատության կողմից ներկայացված հատուկ զեկույցի կարևորությունը, որտեղ համակարգային խնդիրները ներկայացնելուց զատ, ընդգրկվել էին կոնկրետ առաջարկություններ լուծումների վերաբերյալ։

Կոնվենցիայի համապատասխանության ապահովման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վիճակի մշտադիտարկման հարցում Քրիստիննե Գրիգորյանը գոհունակությամբ է նշել տարբեր ձևաչափերով հասարակական կազմակերպությունների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մասին։

Պաշտպանը համագումարի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է համավարակի ընթացքում արտակարգ դրության և պատերազմական գործողությունների ժամանակ հայտարարված ռազմական դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար առաջացող լրացուցիչ խոչընդոտների ու դրանց հասցեագրման անհրաժեշտության վրա։

Կարևորելով պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը որպես շարունակվող մարտահրավերներ, ի թիվս այլնի նշել է խտրականության դեմ պայքարի մասին համապարփակ օրենսդրության բացակայությունը, որով հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հարմարություններ տրամադրելուց հրաժարումը կսահմանվի որպես խտրականության տեսակ։

Պաշտպան Գրիգորյանը նաև շեշտել է, որ դեռևս հաղթահարված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների ապաինստիտուցիոնալացման, խնամատարության շրջանակների ընդլայնման, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման բավարար պայմանների երաշխավորման ու ապահովման մարտահրավերները, մասնավորապես՝ քաղաքաշինության, տրանսպորտի, տեղեկատվության ու հաղորդակցության, սոցիալական, կրթական, առողջապահական, մշակութային ու սպորտային ծառայությունների բավարար հասանելիությունը։ Պաշտպանը նաև շեշտել է Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի Կամընտիր արձանագրության վավերացման կարևորությունը։

Նմանատիպ նյութեր