211652_close_icon
views-count1255 դիտում article-date 11:06 14-06-2022

Մանդատներից «զանգվածային զրկում» չի լինի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները ժամանակ առ ժամանակ խոսում են այն մասին, որ իրենց ընդդիմադիր գործընկերներին զրկելու են պատգամավորական մանդատներից: Ենթադրում եմ, սակայն, որ դա տեղի չի ունենա: Հնարավոր է, իհարկե, որ որպես «ուժի ցուցադրություն» մի 2-3 հոգու այդպես պատժեն: Բայց՝ որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ խորհրդարանից վերանան, եւ մոտակա 4 տարիների ընթացքում ՔՊ-ականները մնան «իրենք իրենցով» ու «ջան ասեն-ջան լսեն»՝ ես դա անհավանական եմ համարում: Նման սցենարն, անշուշտ, կուրախացնի իշխանության բազմահազարանոց երկրպագուներին՝ «հա, էս թալանչիներին՝ բոլորին պետք է հավաքել, ծակը կոխել»: Բայց դա, երեւի, դուր չգա Արեւմուտքին, որը հիանում է հայաստանյան ժողովրդավարությամբ, ու ազատության ջատագովները գուցե զրկվեն հիացմունքի մի կարեւոր առիթից:

Սակայն ավելի էական է, որ խորհրդարանական ընդդիմության բացակայությունը կզրկի ՔՊ-ականներին իրենց գլխավոր հենարանից (մի զարմացեք): Կարծում եմ, այս իշխանության հիմնական հենարանն է այս ընդդիմությունը, եւ ՔՊ-ի հիմնական քարոզչական թեզն է՝ «եթե մենք գնանք, նախկինները կգան» սպառնալիքը: Դա իսկապես վախեցնում է, շատ դեպքերում ահաբեկում է մեր հազարավոր քաղաքացիներին եւ, ենթադրում եմ, շատերը հենց այդ սարսափից ելնելով են քվեարկել մեկ տարի առաջ կայացած ԱԺ ընտրություններում:

Խորհրդարանական ընդդիմության հիմնական թեզը նույնպես հիմնված է վախ առաջացնելու վրա՝ «եթե այս իշխանությունը մնա, թուրքերը կգան», բայց դրանից մարդիկ ավելի քիչ են վախենում, քան «նախկինների» վերադարձից: Պետք չի նեղվել, հարգելի ընդդիմադիրներ. սա փաստի արձանագրում է՝ իրականություն է, որն, այո, ինչ-որ չափով ստեղծվել է մեկ տասնամյակից ավելի տեւող հմուտ քարոզչությամբ (post-truth), բայց հիմնականում՝ այն քաղաքականությամբ, որն այդ «նախկինները» վարում էին: Այնպես որ՝ մանդատներից «զանգվածային զրկում» տեղի չի ունենա՝ անպտուղ բանավեճն ու, այսպես ասած, «հակասությունների սիմբիոզը» շարունակվելու է:

Բայց ես նկատում եմ նոր ծիլեր, որոնք աճում են այդ քաղաքական՝ «ոչ բերրի» տարածքներից հեռու: Դա կարելի էր կոչել «քաղաքացիական հասարակություն», եթե այդ բառակապակցությունը չվարկաբեկվեր եւ չնույնականացվեր որոշ հ/կ-ների հետ: Հազարավոր հայեր Հայաստանում եւ Սփյուռքում ինքնաբուխ, առանց որեւէ քաղաքական ակնկալիքների միավորվում են, ինքնակազմակերպվում են՝ Հայաստանում եւ Արցախում կրթությունն ու գիտությունը զարգացնելու, սոցիալական խնդիրներ լուծելու, ստարթափներն առաջ մղելու եւ այլ նպատակներով: Չեմ բացառում, որ մոտակա տարիներին այդ՝ հիմնականում երիտասարդ մարդիկ ձեւավորեն նոր քաղաքական օրակարգ, որը դուրս կլինի արդեն փոքր-ինչ ձանձրալի դարձած՝ վերը նկարագրված «հրմշտոցից»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր