211652_close_icon
views-count1307 դիտում article-date 23:22 09-06-2022

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մեներգչուհին Լիտվայից վերդարձել է ոսկե մեդալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Riga Symphony» մրցույթի շրջանակում այցելեցին Լիտվա:

Մրցույթի ավարտին Մարիցա Թիլիքյանն արժանացավ ոսկե մեդալի և «Root of talent» մրցանակի: Երիտասարդ վոկալիստների եվրոպական մրցույթին Կ. Դավթյանը հրավիրված էր որպես միջազգային ժյուրիի անդամ, իսկ կենտրոնի մեներգչուհի, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ Մ. Թիլիքյանը՝ որպես մասնակից: Այս հաղթանակը վկայում է մեծ տաղանդի, վոկալային բարձր տվյալների, դերասանական վարպետության, կատարողական արվեստի բարձր մակարդակի մասին, որը, ինչպես նշեց Կ. Դավթյանը, տարիների աշխատանքի արդյունք է:

«Մարիցան առաջին կուրսից եղել է կենտրոնի երգչախմբի անդամ, կարող ենք ասել՝ գիտելիքների հիմքը ստացել է հենց ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: Թատրոնում նա սովորել է դերասանի վարպետություն, ստացել բեմական խոսքի կրթություն: Համալսարանն ավարտելուց հետո էլ շարունակում է այցելել կենտրոն»,- ընդգծեց Կ. Դավթյանը: Կ. Դավթյանի խոսքով՝ իր բեմադրած ելույթը հզոր տպավորություն էր թողել բոլորի վրա:

Ելույթից հետո տարբեր մրցույթների ու միջոցառումների մասնակցության հրավերներ ստացան, այդ թվում՝ բացօթյա համերգի հրավեր, որի ընթացքում Մարիցան հայերենով երգեց «Հայաստան» երգը: «Երգում էին մոտավորապես 25 մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից, բայց Մարիցայի երգից հետո բազմաթիվ մարդիկ մոտեցան ու սկսեցին հարցնել, թե ինչի մասին էր երգը, որ այդպիսի ազդեցություն թողեց իրենց վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Կ. Դավթյանը:

Ամփոփելով իր խոսքը՝ տիկին Դավթյանը նշեց. «Գրանցել ենք բավականին լուրջ արդյունքներ, որոնք ցույց են տալիս՝ Հայաստանում կատարած աշխատանքները աշխարհի մակարդակով ինչ որակ ունեն և ինչ ազդեցություն կարող են թողնել օտարազգի մարդկանց վրա»: Նշենք, որ մրցույթի շրջանակում Կարինե Դավթյանը քսան երկրից եկած տարբեր մասնակիցների համար անցկացրել է «Շնչառական տեխնիկան՝ որպես վոկալի հիմնարար տարր» վերնագրով վարպետության դաս, որը մեծ արձագանք է գտել աշխարհի տարբեր երկրների վոկալի դպրոցների ներկայացուցիչների՝ մասնակիցների և ուսուցիչների կողմից:

 Երևանի պետական համալսարան-YSU
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր