211652_close_icon
views-count858 դիտում article-date 18:06 31-05-2022

ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում է. քննարկվել են երկու երկրի գործակցության ուղղությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Լիտվայի Հանրապետությունում է, նպատակը առողջության ապահովագրության ոլորտում Լիտվայի ձեռքբերումներին ծանոթանալու, համակարգի ներդրման և գործարկման մեխանիզմներն ուսումնասիրելն է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Պատվիրակության կազմում են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ոլորտի մասնագետներ, պաշտոնատար անձինք ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններից, վարչապետի աշխատակազմից:

Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսի հետ: Քննարկվել են մեկ տարի առաջ գործընկերների կողմից ստորագրված առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության համաձայնագրից բխող անելիքները, մասնավորապես՝ ապահովագրության ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Հյուրընկալող կողմը ներկայացրել է Լիտվայում իրականացված բարեփոխումները, դրանց արդյունքները: Ընդգծվել է, որ շարունակում են աշխատել ծրագրերի արդյունավետության բարձրացման, հատկապես երկարաժամկետ ծրագրեր ներդնելու ուղղությամբ: Այժմ աշխատանքներն են տարվում բուժօգնության որակը բարելավելու նպատակով, որպեսզի հիվանդանոցային բուժօգնությունն ավելի կենտրոնացվի առաջնային օղակում, ինչը նվազ ծախսատար է: Նաև խոսել են ապահովագրական ֆոնդի գումարների հավաքագրման մեխանիզմների շուրջ, որոնք տրամադրվում են գործատուի և աշխատողի կողմից (քաղաքացիների մասնաբաժինը 6%-ի շրջանակներում): Կողմերն անդրադարձել են նաև ապահովագրության շրջանակներում դեղորայքի ծախսին վերաբերող հարցին, որը 100%-ով փոխհատուցում է ապահովագրության ֆոնդը, ինչն էլ նվազեցնում է բնակչության լրացուցիչ ծախսերը դեղորայքի ձեռքբերման համար:

Քննարկվել են նաև երկու երկրների հետագա գործակցության ուղղությունները: Անահիտ Ավանեսյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան` մասնակցելու Երևանում հոկտեմբերի 5-7-ն անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր