211652_close_icon
views-count1766 դիտում article-date 15:37 26-05-2022

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։

Վարչապետն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը և կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է խաղաղության հաստատման օրակարգով և բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների շարունակական օժանդակությունն այդ գործընթացին:  

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականի համար և վերահաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը: Այս համատեքստում Լին Թրեյսին հիշատակել է օրեր առաջ ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաև ամերիկյան կողմի գոհունակությունը հայտնել երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերի կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:

Նմանատիպ նյութեր