211652_close_icon
views-count1295 դիտում article-date 10:57 25-05-2022

Իշխանությունը քաղաքացիների վրա ինչ-որ բան է «ծախում», և քաղաքացիները դա ընդունում են․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում կա մի դրվագ, որտեղ Յոհաննես Լեփսիուսը փորձում է համոզել Էնվեր փաշային՝ ձեռնպահ մնալ հայերի զանգվածային սպանություններից: Գերմանացի բողոքական քահանան որեւէ հաջողության չի հասնում. Էնվերը բավականին կոպիտ մերժում է Լեփսիուսի առաջարկները, իսկ վերջում ավելացնում. «Վստահ եղեք, որ մեր կառավարությունը խուսափում է ավելորդ դաժանությունից»: Բայց գերմանացին հասկանում է, որ դրանք դատարկ բառեր են, պարզապես զրույցն ավարտելու ձեւ:

Գրքի այդ դրվագը ես հիշեցի, երբ կարդացի «Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության» մասին հայտարարությունը: Այսինքն՝ ըստ եվրոպացի չինովնիկի, կա Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում մի էթնիկ խումբ, որի անվտանգության մասին պետք է մտածել: Շառլ Միշելը, հավանաբար, խնդրելու է Ալիեւին՝ այդ մարդկանց հանդեպ «ավելորդ դաժանություն» չկիրառել: Ինչպես եւ առաջին դեպքում, դատարկ խոսակցություն է:

Ինձ հաճախ հարցնում են՝ իսկ ի՞նչ եք դո՛ւք առաջարկում: Հավանաբար, սպասում են, որ ես պետք է ասեմ՝ «իշխանափոխություն», «հեղափոխություն» եւ այլն: Եթե անգամ որեւէ բան առաջարկելը մտներ իմ գործառույթների մեջ, ապա փոքր-ինչ տարօրինակ կլիներ առաջարկել մի բան, որն այս պահին (ընդգծում եմ՝ այս պահին) անհնարին է: Բայց իրականում իմ գործն առաջարկություններ անելը չէ, այլ՝ բացատրելը, իսկ տվյալ դեպքում՝ հնչեցնելն այն, ինչ բարձրաձայն չի ասվում, բայց նկատի է առնվում:

Խոսքն իշխանությունների եւ քաղաքացիների չբարձրաձայնվող երկխոսության, կամ, եթե ուզում եք՝ պայմանագրի մասին է: Օրինակ, մի քանի տասնամյակ առաջ եվրոպացիներին հարցրին՝ դո՞ւք համաձայն եք զիջել ձեր պետությունների ինքնիշխանության մի մասը, բայց փոխարենը բարձրացնել ձեր բարեկեցության մակարդակը: Կամ ռուսաստանցիներին Պուտինն առաջարկեց՝ դուք ուզո՞ւմ եք, որ սահմանափակվեն քաղաքական ու տնտեսական ազատությունները, բայց դուք ավելի լավ ապրեք: Այդ այլընտրանքն ուղղակիորեն չէր ձեւակերպվում, սակայն կողմերը բնազդորեն ընտրություն էին կատարում: Երկու դեպքում էլ մարդիկ ընտրեցին բարեկեցությունը: Կոպիտ ասած, իշխանությունը քաղաքացիների վրա ինչ-որ բան է «ծախում», եւ քաղաքացիները դա ընդունում են: Որոշ ժամանակ այդ պայմանագիրը գործում է, օրինակ, ԵՄ-ի դեպքում՝ մինչեւ 2008 թվականի ճգնաժամը:

Դառնանք մեզ: Իշխանությունը հարցնում է (ոչ բարձրաձայն). համաձա՞յն եք, որ Արցախում ոչ մի հայ չապրի, Հայաստանի ներսում մի բնակավայրից մյուսը տեղափոխվելը բարդանա, հակառակորդի զինված ուժերը գտնվեն հայկական բնակավայրերի անմիջական հարեւանությամբ, որոշ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց փոխարենը մենք պողպատե մանդատով պատժենք «նախկիններին» եւ նրանց թալանածը վերադարձնենք ժողովրդին: Դատելով նրանից, որ Փաշինյանի ընտրազանգվածի համար «ղարաբաղցի» բառը գրեթե հայհոյանք է, իսկ ԼՂՀ դրոշն ազդում է գրեթե այնպես, ինչպես կարմիր շորը՝ ցուլի վրա, այդ քաղաքական «ապրանքն» առայժմ վաճառվում է:

Գործի էությունը սա է: Իշխանավորների պարզամիտ խորամանկությունները՝ «մենք սա՛ չենք բանակցում», «հետեւանքները դրա՛նք չեն լինելու»՝ այդ ամենը պարզապես «համեմունքներ» են»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր