211652_close_icon
views-count805 դիտում article-date 18:00 18-05-2022

Սպասում ենք միջնորդության քննարկմանը, որ գումարը վճարենք, եթե դրական լինի, Գարիկ Գալեյանն ազատ կարձակվի. Վանեցյան

Tert.am-ը գրում է. ԱԱԾ նախկին տնօրեն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն այցելել էր ՔԿ զինվորական քննչական վարչություն, հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ում ձերբակալել էին, այս պահին հիվանդանոցում է։

«Սրտի հետ կապված խնդիր ունի, նոր տեղեկացանք, որ ինքնազգացողությունը բավարար է, հիվանդանոցից հետո տեղափոխվելու է ՔԿ զինվորական վարչություն, որտեղ կշարունակեն քննչական գործողությունները։ Գալեյանի եղբայրն էլ այս պահին ՔԿ-ում է, դեռևս մեղադրանք առաջադրված չէ, բայց պատրաստվում են առաջադրել», - լրագրողներին ասաց Վանեցյանը։

Նա ասաց, թե ինքը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Արմենուհի Կյուրեղյանը միջնորդություն են ներկայացրել Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու համար: Դիմումը քննարկելուց համապատասխան վճարում անելուց հետո՝ կորոշվի, փոխելո՞ւ են խափանման միջոցը, թե ոչ։

«Ծայրահեղ իրավիճակ է, անհավատալի է, որ հիմա մենք կանգնած ենք ու ասում ենք՝ ձերբակալվել են Գարիկ Գալեյանն ու իր եղբայրը»,- նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ ՔԿ-ում թողել է իր հեռախոսահամարը, որ զանգեն ու տեղեկացնեն՝ ինչ որոշում են կայացրել Գարիկ Գալեյանի գործով։

Պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Գալեյանի համար. երեք պատգամավորով պետք է վճարեն 500-հազարական դրամ։ «Մենք սպասում ենք միջնորդության քննարկմանը, որ գումարը վճարենք ու, եթե դրական լինի, Գարիկ Գալեյանն ազատ արձակվի» ,- նշեց Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքում միջադեպ էր եղել զոհված զինծառայողների ծնողների և քննիչների միջև: Այսօր առավոտյան Գարիկ Գալեյանին ձերբակալել են ։

Նմանատիպ նյութեր