Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են. Էլինար Վարդանյան
Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են: Իրենց երկրին նվիրվածների, 44-օրյա պատերազմով անցածների նկատմամբ կալանքը կիրառում են ոչ թե որպես խափանման միջոց, այլ պատժիչ գործիք:
Երևի թե բանտը ամենահարմար տեղն է իշխանությունների համար` մեկուսացնելու մարդկանց, ովքեր կարող են ներդրում ունենալ մեր երկրի զարգացումների հարցում: Իսկ այդ նպատակով թե´ հրահրող «պապիկներ», թե´ սուտ մատնություն անող «թոռնիկներ» կգտնվեն: Սա է այսօր մեր իրականությունը: Եվ մեր պայքարը նաև սրա դեմ է:
Քաղաքական պատվերն ու իրավական աբսուրդը հասել է այն աստիճանի, որ Ավետիք Չալաբյանին/ Avetik Chalabyan/ կալանավորում են խիստ կասկածելի ակնհայտ սադրող ձայնագրության, ըստ էության սուտ մատնության հիման վրա: Ավելին, երկու ամսով կալանավորում են Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:
Համոզված եմ, որ Ավետիքի և մյուսների կալանքը ունենալու է ճիշտ հակառակ ազդեցությունը: Քաղաքական հետապնդումները որևէ արդյունք չեն տալու: Իսկ ազատության համար պայքարը ավելի մեծ թափ է հավաքելու»: