Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված. Փաշինյանը՝ Նիդերլանդներում
Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միջազգային հարաբերություների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ:
«Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պաշտոնական այց ունի Նիդերլանդների Թագավորություն: Այս այցը ոչ միայն դիտարկում եմ հայ-հոլանդական ավանդական պատմական կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, այլև ես սա ընկալում եմ Հայաստանի ժողովրդավարության համատեքստում: Պետք է ընդգծեմ, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք զգացել ենք Նիդերլանդների Թագավորության աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների գործում: Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, ու դա իմ գնահատականը չէ: Միջազգային այն ինստիտուտները, որոնք զբաղվում են ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության գլոբալ հետազոտություններով, արձանագրում են այդ իրողությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ 2021 թվականին առաջին անգամ Հայաստանը միջազգային ժողովրդավարական ինստիտուտների կողմից դասակարգվել է ընտրական ժողովրդավարություն ունեցող երկրների շարքում, ինչը կարևոր ձեռքբերում է: Նա նշեց, որ վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:
«Այո, պետք է բարձր հայտարարություն անեմ ու ասեմ, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Չնայած կան նաև կոռուպցիոն երևույթներ, սակայն մենք հետևողական պայքարում ենք դրանց դեմ ու դա տեսանելի է: 2021 թվականին, չնայած հետպատերազմյան ճգնաժամային տարում, մենք հսկայական առաջընթաց ենք արձանագրել խոսքի և մամուլի ազատության ոլորտում: Վերջին հրապարակված ինդեքսներով Հայաստանը աշխարհում 51-րդն է: Եվրոպական շուրջ տասը երկրից ավելի լավ դիրքերում է: Սա ասում եմ ցույց տալու համար, թե որքան վճռական ենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հարցում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանում փակվել են այնպիսի էջեր, ինչպիսիք են ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային կասկածը, ընտրությունները կեղծելու պրակտիկան: Նա ընդգծեց, որ Հայաստանը հետ ճանապարհ չունի: