211652_close_icon
views-count2071 դիտում article-date 20:54 09-05-2022

Հայրս երազում էր Շուշիում լինել, չհասցրեց ու չիմացավ, թե ինչ կատարվեց հաղթական քաղաքի հետ

Սերգո Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՄԱՅԻՍԻ 9֊Ի ԽՈՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ.
Առնվազն իմ սերնդակիցները մեծացել են ու գիտակից դարձել Մեծ Հայրենականի հաղթական
մայիսի 9֊ ի տոնակատարության խորին խորհրդով, որովհետև Հայաստանում (Մեծ Հայրենականում 320 հազար մասնակից ենք ունեցել) ընտանիք չկար, որ Հայրենականի մասնակից չունենար։

Երբ մոտենում էր մայիս ամիսը, ակամայից տեսնում էի, թե պատերազմի մասնակից ու հաշմանդամ հայրս ինչպիսի բծախնդրությամբ էր պատրաստվում Հաղթանակի օրվան։ Իսկ մայիսի 9֊ին մեծ սիրով էր իր վետերան֊ընկերների հետ գնում գյուղի սկզբնամասում գտնվող պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձան և ծաղիկներ խոնարհում, շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր լսում։

Որպես կանոն ամեն մեկը իր զոհված ընկերների մասին էր պատմում ու ձգտում ամենայն մանրամասնությամբ հիշել նրանց։Իսկ դրանցից յուրաքանչյուրը իր մեջ հերոսության եւ խիզախության դրվագներ էր պարունակում։Սարգիս հայրս էլ մի պարգև ուներ,որ պահում ու փայփայում էր,բոլոր մեդալների առջևից կախում։Դա "За отвагу"("Խիզախության համար")մեդալն էր և բնականաբար այն ստացել էր խիզախության համար,որի մասին լռում էր։

Այն ժամանակ վետերանները մեր շուրջբոլորն էին`հարևաններ ու բարեկամներ, որոնց հետ հետ ապրում ու շփվում էինք ամեն օր։ Հետո ժամանակը առաջ վազեց ու եկավ մի շրջան,որ նրանք սկսեցին ավելի հաճախ հեռանալ այս աշխարհից`մեզ թողնելով իրենց համար այդքան սիրելի ռազմաճակատային հուշ֊հիշողությունները։ Երբ Սերգո թոռնիկս չափահաս դառնա, երևի, առաջին հերթին նրան կպատմեմ իր մեծ պապիկների` Սարգսի և Նապոլեոնի Հայրենական Մեծ պատերազմի պատմությունները, թե ինչպես Կերչում վիրավորվեց մեկը, իսկ մյուսը Զապորոժիեն ազատագրողներից էր, նաև պատվավոր քաղաքացի։

Հայրս և նրա վետերան ընկերները սիրով էին նշում Շուշիի ազատագրության տոնը`ասելով,որ մայիսյան տոները միայն մեր հաղթանակներն են ամրապնդում։ Հայրս երազում էր Շուշիում լինել, չհասցրեց ու չիմացավ, թե ինչ կատարվեց հաղթական քաղաքի հետ։

Հուսով եմ, որ կգա ժամանակը, երբ կգնամ ու գլուխ խոնարվելով նրա գերեզմանի և մեր գյուղի անմահ զինվորի հուշարձանի առջև, կասեմ `Շուշին մերն է, իսկ հաղթական մայիսի 9֊ի նկատմամբ չի մարել ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր