211652_close_icon
views-count3105 դիտում article-date 10:42 04-05-2022

Հասանք սեփական ինքնությունը մերժելուն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մի կին երեկ բողոքում էր ցուցարարներից. «Դե, զզվացրին իրենց Ղարաբաղով, եկել Երեւանի մեջ «Ղարաբաղ» են գոռում: Թողեք հանգիստ ապրենք, հերիք է մեր անդորրը (այո, հենց «անդորրը»-Ա.Ա.) խանգարեք:  Ասում են՝ «թուրք, թուրք»: Ինչ է՝ թուրքը մարդ չի՞: Ասում են՝ «դուք թուրք եք դառնալու»: Ի՞նչ կարեւոր է՝ ես հայ եմ, թե թուրք: Կարեւորը մարդ լինեմ ու նորմալ ապրեմ»: Մի խոսքով, այսօրվա իշխանության ընտրազանգվածի ներկայացուցիչ էր եւ «խաղաղության օրակարգի» ջատագով:

Որքան գիտեմ՝ ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի կայք նման ծայրահեղացված ոճով քարոզչություն չի իրականացնում (թեեւ հարյուրավոր «սունկ-կայքերի» բովանդակությունից, անկեղծ ասած, տեղյակ չեմ): Սակայն, ենթադրում եմ, որ ներկա իշխանությունը միջնորդավորված ձեւով, այսպես ասած, «նախապատրաստում է ժողովրդին խաղաղությանը»: Բայց դա, իհարկե, հնարավոր չէր լինի, եթե նախորդ տասնամյակներում նման մտածելակերպի համար նախադրյալներ չստեղծվեին: Մարդկանց տասնամյակներ շարունակ ասում էին՝ «համբերեք, նեղություն կրեք՝ հանուն Արցախի», եւ դա ասողները բացարձակապես չէին համբերում ու նեղություն չէին կրում, հակառակը՝ ապրում էին կյանքի իրենց պատկերացրած բոլոր «վայելքներով»: Այնպես որ՝ այսօրվա տրամադրությունները մեծ չափով այդ, մեղմ ասած, երեսպաշտության արձագանքն են: Բայց երեւույթի համար բացատրություն գտնելն, իմ կարծիքով, չի ենթադրում այդ երեւույթի արդարացումը:

Իրական ողբերգությունը պատերազմում պարտության մեջ չէ՝ այսօր պարտվել ես, վաղը կհաղթես: Իրական ողբերգությունը նրանում չէ, որ ինչ-որ մարդիկ նստած են ինչ-որ աթոռներին՝  այսօր մեկը կնստի, վաղը՝ մյուսը: Ողբերգություն է, երբ մարդիկ անտարբեր են հայրենիքի մի մասի կորստի նկատմամբ, երբ նրանք ոչ միայն չեն ուզում պետություն ունենալ, այլեւ պատրաստ են հրաժարվել իրենց ազգությունից՝ հանուն «հանգիստ ապրելու» մասին պատրանքի: Դա իրոք պատրանք է՝ ինքնությունը կորցնելով, մարդը չի կարող «լավ ապրել», հաճախ նա հնարավորություն  չունի ընդհանրապես ապրելու:

Ասել, որ հայրենիքից, պետությունից եւ ինքնությունից հրաժարվողներ երբեք չեն եղել մեր պատմության ընթացքում՝ չափազանցություն կլիներ: Ժամանակ առ ժամանակ հայերի մեջ հայտնվում էին մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք «նորմալ ապրելու» համար պատրաստ էին հույն, զրադաշտական կամ մահմեդական դառնալ: Բայց նրանք, բարեբախտաբար, փոքրամասնություն էին կազմում` հակառակ դեպքում ես այսօր, 21-րդ դարի երրորդ տասնամյակում այս տեքստը Մեսրոպ Մաշտոցի հեղինակած տառերով չէի հավաքի: Բայց այժմ իրավիճակի բացառիկությունը նրանում է, որ այդ կնոջ նման մտածողները եթե ոչ մեծամասնություն են կազմում, ապա՝ բավականին շոշափելի զանգված: Հազարամյակների պատմության եւ այսօրվա 10 միլիոնանոց հայության տեսանկյունից այդ տեսակետը մարգինալ է: Բայց այսօր Հայաստանում ապրող մարդկանց համար այս հոսանքը, կարծում եմ, «մեյնսթրիմային» է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր