211652_close_icon
views-count1626 դիտում article-date 10:18 04-05-2022

Հայ բնակչության աճն անհանգստացնում է հարևան երկրի ղեկավարին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Միջնադարում եւ նոր ժամանակներում, երբ դեռեւս չէր ձեւավորվել աշխարհաքաղաքականությունը՝ որպես ինքնուրույն գիտակարգ, ռազմական գործիչներն ու փիլիսոփաները քննարկել են բնակչության չափի, բաշխվածության եւ կազմի ազդեցության հարցերը պետական միավորների արտաքին քաղաքական հնարավորությունների վրա:

Օրինակ՝ Նիկոլո Մաքիավելին պնդում էր, որ պետությունների ուժը չափելիս «պետք է հաշվի առնել հարցի հետեւյալ կողմը. սուվերենը, անհրաժեշտության դեպքում, կարո՞ղ է ինքնուրույն պաշտպանել իրեն, թե՞ արտաքին պաշտպանության կարիք ունի»։ Իսկ այդպիսին կարող է լինել այն սուվերենը, որը, ունենալով բավարար թվով մարդիկ եւ առատ փող, կարող է հավաքել անհրաժեշտ չափի բանակ եւ դիմակայել ցանկացած թշնամու ճակատամարտի ժամանակ։

Հետագայում՝ 18-րդ դարում Ժան-Ժակ Ռուսոն գրել է, որ պետության ուժը, որպես քաղաքական օրգանիզմ, չափվում է նրա տարածքի եւ բնակչության չափով։ Բնակչությունը, իր հերթին, սերտորեն կապված է հողի հետ, հետեւաբար, դրա քանակն ու որակը որոշում են պետության բնակչության թիվը եւ նույնիսկ ապագա պատերազմների բնույթը։ Եթե պետությունը չի կարողանում սննդով ապահովել իր բնակչությանը, ապա խնդիրը լուծվում է նվաճողական պատերազմների միջոցով։

Գերմանացի աշխարհագրագետ, սոցիոլոգ Ֆրիդրիխ Ռատցելը «Քաղաքական աշխարհագրություն»-ում (1890 թ.) առաջին անգամ աշխարհագրական գործոնները վերլուծեց եւ գնահատեց քաղաքական ոլորտի տեսանկյունից։ Նա միաժամանակ մատնանշեց, որ երկրի փոքրաթիվ բնակչությունը կարող է դառնալ նրա անկման պատճառը, դա հիմնավորվում է այն հանգամանքով, որ փոքրաթիվ մարդկանց ավելի հեշտ է գրավել։ Ըստ Ռատցելի՝ ժողովրդագրական գործոնը որոշում է աշխարհաքաղաքականության ուղղությունն ու բնույթը. ուժեղ ազգերը ձգտում են նվաճողականության եւ ծավալապաշտության, իսկ թույլերը կլանվում են ավելի հզոր հարեւանների կողմից։ Ռատցելը միաժամանակ կապել է երկրի բնակչության թվի ավելացման գործընթացներն ու նրա մշակութային աճը։

Ի դեպ, նախօրեին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Ռիաֆան» ռուսական դաշնային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր ժողովրդագրական գործոնին՝ ընդգծելով, որ «Արցախի երկարաժամկետ ապագան մեծապես պայմանավորված է նաեւ աճող ժողովրդագրությամբ»: Այդ նպատակով երկրի իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրում են գոնե նվազագույն բարենպաստ պայմաններն ապահովելու համար, որպեսզի հայ բնակչությունը վերադառնա իր հայրենիք ու շարունակի կյանքը կերտել այստեղ։ Տեղահանվածների հումանիտար կարիքների բավարարման շնորհիվ երկարաժամկետ կտրվածքով լուծվելու է նաեւ Արցախի հայկական մնալու հարցը։ «Մեզ համար ակնհայտ է, որ պատերազմի ավարտից, հետեւաբար՝ Արցախի ժողովրդին լրիվությամբ էթնիկ զտման եւ հայրենազրկման ենթարկելու փորձի ձախողումից հետո Ադրբեջանը որդեգրել է հոգեբանական ու ժողովրդագրական պատերազմի ռազմավարություն՝ նպատակ ունենալով ցանկացած գնով մեր բնակչությանը մղելու արտագաղթի եւ աստիճանաբար դատարկելու Արցախը հայ բնիկ բնակչությունից»,- ասել է Բեգլարյանը՝ հիշեցնելով, որ Արցախում հայերը հազարամյակներ շարունակ եղել են ճնշող մեծամասնություն, իսկ ադրբեջանցիների քոչվոր նախնիները ներթափանցել են Արցախ միայն երկուսուկես դար առաջ: Ադրբեջանական բնակչության թիվը արհեստականորեն աճեցվել է հատկապես խորհրդային շրջանի վերջին տասնամյակներում՝ չգերազանցելով ընդհանուր բնակչության շուրջ 22 տոկոսը:

Արցախի պետնախարարը նշել է, որ բավական դրական միտում է նկատվում ծնունդների աճի հետ կապված, չնայած անվտանգային ռիսկերի ու երկարաժամկետ անորոշությունների առկայությանը. «Դա ցույց է տալիս, թե որքան վճռական ու ամուր է կանգնած Արցախի ժողովուրդն իր պատմական հողում՝ գաղափարապես գիտակցելով մեր բաժին պատասխանատվությունը նախորդ ու հաջորդ սերունդների առջեւ»։

Հայ ազգաբնակչության աճի հեռանկարը խիստ անհանգստացնում է Բաքվի բռնապետին, քանի որ լավ է գիտակցում ժողովրդագրական գործոնի ռազմավարական նշանակությունը աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմական հարթության մեջ։ Ապրիլի 30-ին նա հանդես էր եկել ելույթով, որտեղ նշել էր, որ մենք՝ հայերս, «պետք է մի կողմ դնենք բոլոր պատրանքները, հրաժարվենք այնպիսի մտքերից, ինչպիսիք են բանակի վերակառուցումը, բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելը եւ, ուժեր կուտակելով, հողերը վերադարձնելը։ Հակառակ դեպքում դա կդառնա նրանց պետականության պաշտոնական անկումը»։ Կարող ենք ասել, որ մեր թշնամին իր խոսքում հուշում է մեզ հաղթանակ պարգեւելու բանաձեւ, այն է՝ ուժեղ, վերազինված բանակ եւ, իհարկե, բնակչության թվի կտրուկ աճ՝ կլինի դա բնական աճի կամ ներգաղթի միջոցով։ Նկատենք, որ, հայ բնակչության աճից բացի, մեզ անհրաժեշտ են նաեւ բարեփոխումներ ժողովրդագրական վարքագծում, որպեսզի ունենանք մեկ տեսլականով լայնախոհ եւ ազգի վերածնման համար պայքարող ամբողջականություն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր