Ֆրանսիայի հրապարակում այսօր կմիավորվեն ընդդիմադիր ուժերը․ մեծ հանրահավաքին ընդառաջ իրավապահ կառույցները զգուշացնում են
Tert.am-ը գրում է. Ընդդիմության՝ Հայաստանի 4 բնակավայրից` Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Բաշ Ապարանից մեկնարկած երթերը՝ Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով, հասնում է Երեւանի մատույցներ:
Երթի մասնակիցներին են միացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք երթով կհասնեն Երևանի Ֆրանսիայի հարապարակ, որտեղ էլ 16:00-ին նախատեսված է ընդդիմության մեծ հանրահավաքը։
Ֆրանսիայի հրապարակում վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմադիր ուժերը միավորվելու են՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր համակիրներով, 5165 շարժման անդամներն են ու «Ազատագրում» շարժման անդամները, «Հայաստան» դաշինքնն ու ՀՅԴ ներկայացուցիչները։
Երթին արդեն միացել է ՀՀ 2–րդ նախագհ Ռոբերտ Քոչարյանը։
Մեծ հանրահավաքին ընդառաջ հայտարարություններ են տարածել Գլխավոր Դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, ապրիլի 29–ին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․«ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում զգուշանելու հետևյալը։
Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով խաղաղ հավաքների անցկացումը, դրանց քաղաքացիների ազատ մասնակցությունը երաշխավորված է։ Իրավապահ մարմիններն ապահովում և շարունակելու են ապահովել հավաքների խաղաղ ընթացքը և մասնակիցների անվտանգությունը։
Միևնույն ժամանակ, հավաքների, երթերի անցկացումը որևէ կերպ չեն կարող տեղի ունենալ այլոց իրավունքների, օրինական շահերի ոտնահարմամբ և արհամարմամբ, խաթարել հանրային կենսագործունեության բնականոն ընթացքը։
ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես հավաքների փաստացի նախաձեռնողներին և ղեկավարողներին, այնպես էլ մասնակիցներին խստորեն զգուշացնում է զանգվածային միջոցառումների ձեռնարկման և անցկացման ընթացքում մնալ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրեքով սահմանված իրավակարգավորումների շրջանակներում»։
ԱԱԾ–ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար, ուստի զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն»:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․«Ոստիկանությունը վերջին օրերին ընթացող հավաքների կապակցությամբ հայտնում է, որ հետևողականորեն շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը
Հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Օրինականությունն ու համակեցության կանոնները խախտողները կենթարկվեն պատասխանատվության»:
ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է․«Դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է։
Միջոցառման մասնակիցների և ոստիկանների միջև միջադեպեր և բռնություններ կարող են տեղի ունենալ նաեւ առանց նախազգուշացման։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն, հետևել տեղական լրատվական միջոցները թարմացումներին, խուսափել ցույցերից,
վերանայել անձնական անվտանգության պլանները»: