211652_close_icon
views-count2105 դիտում article-date 22:15 22-04-2022

Պարզ լճի տարածքում կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշար

ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 14-ին նախատեսվում է անցկացնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 4000 մետր մրցատարածությունը:

Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

ՀՀ կառավարության ապրիլի 22-ի որոշմամբ դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացման նպատակով տրամադրվել է 24 մլն 361 հազար դրամ գումար, որը կհատկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջետային հատկացումների տնտեսված միջոցներից: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Մինչ զեկուցվող հարցին անցնելը` նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում է անցկացվելու Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնությունը:

«Համաշխարհային սպորտային քարտեզում Հայաստանը շարունակում է ընդլայնել իր դիրքերը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան օրերս հաստատեց, որ 2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Հայաստանում: Առաջնությունը լինելու է վարկանիշային Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար: Շնորհավորում եմ բոլորիս»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Ներկայացնելով դպրոցականների թիմային խճուղավազքի կազմակերպման նախագիծը` նախարարը փաստել է, որ միջոցառման նպատակն է խթանել թիմային վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը։

«Դրամական պարգևներ և այլ մրցանակներ են նախատեսված ինչպես հաղթող դպրոցների, այնպես էլ թիմում ընդգրկված աշակերտների և նրանց ուսուցիչների համար»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է 14 մլն 715 հազար դրամ: Մասնավորապես առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75 հազարական դրամ աշակերտների համար:

Հատկացված գումարով նախատեսվում է նաև մասնակիցների համար ապահովել սնունդ, մարզահագուստ (մարզաշապիկ, գլխարկ), գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր, հուշանվերներ: Միջոցառման անցկացման համար կիրականացվի տարածքի ձևավորում, նկարահանում, ուղիղ եթերի ապահովում և այլն:

Կարևորելով դպրոցականների թիմային խճուղավազքի կազմակերպումը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մասսայական սպորտի «Վարչապետի գավաթի» մրցաշարերը հաջող ընթացք ունեն և մինչ այժմ անցկացվել են հիմնականում անհատական մրցաձևերից: Այս անգամ որոշվել է անցկացնել թիմային մարզաձևի մրցույթ: Նա նաև կարևորել է դպրոցների ակտիվ մասնակցությունն առաջիկա մրցաշարին:

Նմանատիպ նյութեր